NASA-ի աստղագետները 55 Cancri էկզոմոլորակի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հաստատել են դրանում մթնոլորտի գոյությունը: Մասնագետներն այդ բացահայտումն արել են Hubble աստղադիտակի միջոցով՝ հայտնում է Engadget-ը:
«Սա շատ հետաքրքիր արդյունք է, քանի որ առաջին անգամ մեզ հաջողվեց Սուպերերկրի մթնոլորտում գազերի սպեկտրալ մատնահետքեր հայտնաբերել»,- նշել են NASA-ի ներկայացուցիչները:
Սակայն կյանքի գոյությունը 55 Cancri մոլորակի վրա շատ քիչ է հավանական. չէ՞ որ ջերմաստիճանը դրա արևոտ կողմում մոտ 2000 աստիճան Ցելսիուս է:
Գիտնականների հաշվարկով՝ 55 Cancri էկզոմոլորակի և Երկրի հեռավորությունը 40 լուսային տարի է, իսկ մոտավոր զանգվածն 8 անգամ գերազանցում է երկրայինին:
Հայտնի է նաև, որ մոլորակի մթնոլորտը բաղկացած է առավելապես ջրածնից և հելիումից: Միաժամանակ, դրանում բացակայում է ջրի գոնե որևէ նշույլ:
55 Cancri-ն իր աստղի շուրջը ամբողջական պտույտ է կատարում 18 երկրային ժամում:










































