Թուրքիայի Սահմանադրական հանձնաժողովի կազմալուծումից հետո երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել մեջլիսի կուսակցություններին շարունակել աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Եվս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր քաղաքական կուսակցություններին շարունակել աշխատանքներն այս հարցում և ընդգծում, որ անհրաժեշտ է քննարկել ցանկացած հարց առանց նախապայմանների: Թուրքիայում ամեն ինչի մասին պետք է խոսել, քննարկել»,- ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) փետրվարի 16-ին հայտարարել էր Սահմանադրական հանձնաժողովից դուրս գալու մասին: Երկրում նոր սահմանադրության մշակման նպատակով ստեղծված թուրքական խորհրդարանական կոմիտեն լուծարվել է:
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտնել է, որ հանձնաժողովի ներսում երեք ընդդիմադիր կուսակցությունները պաշտպանել են երկրի կառավարաման խորհրդարանական համակարգը, մինչդեռ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ցանկանում է անցում կատարել նախագահական կառավարման մոդելին:











































