Չինացի զինվորականները ենթադրաբար զենիթահրթիռային համալիրներ են տեղադրել վիճելի Վուդի կղզում` Հարավչինական ծովում, որին հավակնում են նաև Թայվանն ու Վիետնամը: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը:
Չինաստանի իշխանությունները պաշտոնապես չեն հայտնել կղզի զենիթահրթիռային համալիր տանելու մասին: Սակայն փետրվարի 14-ին արված արբանյակային լուսանկարներում երևում է, որ կղզում հայտնվել են ԶՀՀ երկու մարտկոց, որոնցից յուրաքանչյուրը հաշվում է 4 արձակման կայան: Փետրվարի 3-ի լուսանկարներում դրանք չկան: Լուսանկարները հրապարակված են Fox News-ի կայքում:
Թայվանի իշխանությունները ևս հաստատել են համալիրների տեղակայումը և հայտարարել են, որ ուշադիր կհետևեն իրավիճակի զարգացմանը:
Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին հայտարարել է, որ այդ տեղեկությունները արևմտյան ԶԼՄ-ներն են հորինել, և լրագրողներին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել փարոսների կառուցմանը, որն այդ շրջանում իրականացնում է Չինաստանը:
Fox News-ը, հղում անելով զրուցակցին ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, նշում է, որ խոսքը 200 կմ գործողության շառավղով HQ-9 համալիրների մասին է:







































