Եթե Ռուսաստանը շարունակի գործել ահաբեկչական կառույցի նման՝ տներից հեռացնելով քաղաքացիներին, ապա Թուրքիան վճռական պատասխան է տալու: Այդ հայտարարությունը արել է Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն:
Ռուս-թուրքական հակադրությունը առնվազն հռետորաբանության մակարդակով արդեն մոտենում է պատերազմի: Համենայնդեպս, Դավութօղլուի հայտարարությունը ըստ էության ռազմական հարվածի սպառնալիք կամ նախազգուշացում է: Ռուս-թուրքական հայտարարությունները և փոխադարձ ահաբեկումները ըստ էության ծավալվում են արդեն մի քանի օր շարունակ, և ներկայումս արդեն բոլորի մոտ տեսականից գործնական մակարդակում է հայտնվում հարցադրումը երկու երկրների ռազմական հավանական բախման մասին:
Այսինքն՝ եթե մի քանի շաբաթ առաջ սա, ըստ էության, զուտ տեսական դիտարկում էր, ապա այսօր արդեն առնվազն հայտարարությունների մակարդակում կողմերը փաստորեն սկսել են պատերազմը: Իսկ ռուս-թուրքական պատերազմի ուրվականը կամ վտանգը առաջին հերթին սպառնալիք է Հայաստանի համար:
Ինչ խոսք, հազիվ թե Անկարան խոսում է այն մասին, որ Ռուսաստանին կպատասխանի այլ ուղղությամբ, քան Սիրիան: Չի բացառվում նույնիսկ, որ Թուրքիայի վարչապետի հայտարարությունը չի վերաբերում Ռուսաստանի ուղիղ պատասխանին, այլ նշանակում է, որ Թուրքիան արդեն բացեիբաց կներխուժի Սիրիայի տարածք և կանի ռազմական գործողություններ, այլ կերպ ասած՝ ուղղակի տարածք կնվաճի Սիրիայում: Այդ հարցում թուրքերին կարող են միանալ սաուդցիները: Ամենայն հավանականությամբ, նման թեժ զարգացումներից զերծ չի մնա Իրանը:
Այսինքն՝ սիրիական խնդիրը անուղղակի համաշխարհային պատերազմից կվերածվի ուղղակի տարածաշրջանային պատերազմի, և այստեղ շատ մեծ կդառնա ռիսկը, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից նաև Հայաստանի մասով: Ընդ որում, ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանը ներկայումս գործնականում զրկված է այդ ռիսկերից ապահովագրվելու առարկայական քայլերի հնարավորությունից, այդ ռիսկերի շոշափելի նվազեցմանն ուղղված գործողություններից:
Այստեղ, իհարկե, առկա են թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ, որոնց ձևավորման մասին, սակայն, ներկայումս շոշափելի քննարկում ծավալելը թերևս այդքան էլ արդիական չէ:
Խնդիրն այն է, որ տեսանելի ապագայում այդ պատճառները վերացնելու հնարավորությունը ակնհայտորեն բացակայում է, և որքան էլ այդ հնարավորության դեֆիցիտը սուբյեկտիվ է, այնուհանդերձ՝ այսօր առկա է բոլորովին այլ որակի քննարկումների կարիք, թե Հայաստանը ներկայիս որակի իշխանությունների, ներկայիս լղոզված, փոշիացված, միաժամանակ նաև արտաքին քաղաքական հարցերից՝ ինչպես «սատանայից», խուսափող ընդդիմադիր դաշտի պայմաններում ինչ քայլեր կարող է կատարել ռուս-թուրքական բախման ռիսկերից խուսափելու համար: Թե՞ Հայաստանին մնում է միայն հուսալ, որ բանը չի հասնի բախման, կամ եթե հասնի, ապա միայն՝ Սիրիայի տարածքում:
Ընդ որում, այստեղ, իհարկե, իրավիճակը պակաս ողբերգական լինել չի կարող, քանի որ մտածել, ընդ որում՝ անգամ այդօրինակ մտորումը լի է մերժելի ցինիզմով, որ ավելի լավ է ռուս-թուրքական բախում Սիրիայում, քան Հայաստանի վրա, նշանակում է չմտածել, որ Սիրիայում են մնացել հազարավոր մեր հայրենակիցներ: Եվ եթե հանկարծ ռուս-թուրքական բախում ծավալվի Սիրիայի տարածքում, ապա առաջիններից մեկը վտանգի տակ է հայտնվելու նրանց կյանքը:
Եվ այս իմաստով Հայաստանի մարտահրավերները, անկասկած, միայն հայաստանյան սահմանները չեն, այլ նաև սիրիահայ մեր հայրենակիցները: Իսկ Հայաստանում զբաղված են ՀՅԴ-ՀՀԿ պսակադրության օրը գուշակելով:











































