Աբխազների և օսերի հարաբերությունների կարգավորման հեռանկար կբացվի այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմություն դառնա: Ինչպես հաղորդում է RBK-ն, նման կարծիք է հայտնել վերաինտեգրման հարցերով Վրաստանի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:
Նրա խոսքերով՝ Վրաստանի նախագահն «ամեն ինչում խանգարում է կառավարությանը», այդ թվում՝ նա մինչև հիմա չի ստորագրել Վերաինտեգրման հարցերով նախարարության անվանումը փոխելու մասին փաստաթուղթը: «Դա խանգարում է մեզ ունենալ թեկուզ ֆորմալ շփումներ հակամարտող շրջանների հետ»,- ասել է նա:
Նախարարի կարծիքով՝ Վրաստանի նոր նախագահը, որը կընտրվի հոկտեմբերին կայանալիք ընտրություններում, կդառնա կառավարության դաշնակիցը, այլ ոչ թե հակառակորդը և թշնամին:










































