Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ուկրաինա մեկնելիս օդանավում լրագրողների հետ զրույցում կրկին վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG)՝ նրանցից պահանջելով լքել Սիրիայի հյուսիսում և Թուրքիայի սահմանի մոտ գտնվող Միննեխի օդանավակայանը։
Դավութօղլուն սպառնացել է, որ հակառակ դեպքում Թուրքիան ամբողջովին կոչնչացնի նրա ենթակառուցվածքը. «Մենք թույլ չենք տա Ազեզ քաղաքի անկումը։ YPG-ը չի անցնի Եփրատ գետից արևմուտք և Աֆրինից արևելք։
YPG-ի դեմ պայքար կմղվի այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է, և այն չափով, որչափով անհրաժեշտ է։ Նրանք պետք է լքեն (Միննեխի) օդանավակայանը։ Եթե նրանք չլքեն այն, ապա մենք ամբողջովին շարքից կհանենք այն»։
Հանգստյան օրերին թուրքական հրետանին կրակ է բացել Սիրիայի քրդերի վրա։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ ռուսական ինքնաթիռները սկսել են ռմբակոծել Ազեզը։






































