ՆԱՏՕ-ն մտադիր չէ ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա՝ Սիրիայում հակամարտության ուժային կարգավորման նպատակով։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Bild-ում հրապարակված հարցազրույցում։
«Ներկա պահին ես բացառում եմ Սիրիա ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի ուղարկումը»,- ասել է նա՝ նշելով, որ «ՆԱՏՕ-ի բոլոր անդամներն արդեն ներգրավված են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում»։ «ՆԱՏՕ-ն նաև աջակցություն է ցուցաբերում Հորդանանին, Թունիսին և Իրաքին անվտանգության ենթակառուցվածքների զարգացման գործում»,- հավելել է Սթոլթենբերգը։
Անդրադառնալով Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմին հասնելու հեռանկարներին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է. «Ասադի հայտարարությունները ցույց են տալիս, որ դա հեշտ չի լինի»։ «Սակայն Ասադի գործողությունները նաև ցույց են տալիս, որ մենք պետք է շարունակենք դրան հասնելու փորձերը»,- ասել է Սթոլթենբերգը։








































