ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանելով «168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե՝ ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությունը պետք է չմասնակցե՞ր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նորակառույց եկեղեցու բացման արարողությանը, ինչը բացասական արձագանքներ ունեցավ հանրության շրջանում, ասել է. «Ինձ համար ծիծաղելի Է… ի՞նչ Է նշանակում ընդդիմությունը պետք Է չգնար, չէ՞ որ դա քաղաքական միջոցառում չէր: Այլ հարց է, որ մենք ամեն ինչ քաղաքականացնում ենք: Մեր քաղաքական մշակույթն առայժմ այն մակարդակին է, որ եթե եկեղեցու բացմանն ես ներկայացել ու շնորհավորել, դա ընդդիմադիր կեցվածք չէ, սա ինձ համար ծիծաղելի է»:
Դիտարկմանը, թե Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառմանը Ձեր ձեռքսեղմումը Սերժ Սարգսյանի հետ ևս քննադատվեց, Ռ. Հակոբյանն ասել է. «Ս.Սարգսյանը բոլորին, նաև ինձ եկավ-շնորհավորեց, դա շատ նորմալ է: Թույնը շատ է… ես պետության, իշխանության, ընդդիմության մեջ թշնամի չունեմ: Չի կարելի այս հարցին թշնամական հայացքով նայել: Չեմ հասկանում, ցավում եմ, որ քաղաքական մտածելակերպն այսպիսին է: Քաղաքական դաշտի կայացմանը չի նպաստում այն, որ մենք անտեսում ենք հարաբերվելու, կոնտակտի հնարավորությունը: Եկեղեցու օծման ժամանակ տեսա, որ եթե այդ առիթը չլիներ՝ շատերը միմյանց հետ չէին խոսի: Մենք պետք է քաղաքականն ու ոչ քաղաքականը միմյանցից տարբերենք: Ի վերջո, պետք չէ քաղաքականացնել ոչ եկեղեցու բացման արարողությանը, և ոչ էլ Շուշիի միջոցառմանը ներկա գտնվելը»:










































