Իրանը համոզել է սիրիական ղեկավարությանը «Հըզբոլլահ» շարժման գրոհայիններին տրամադրել իր տարածքը Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքների վրա հարձակում իրականացնելու համար: Այս մասին հայտնում է իսրայելական «Հաարեց» թերթը՝ հղում անելով արաբալեզու «Ալ-Հայաթ» թերթին: Թերթին տեղեկություններ է տրամադրել Իրանի ղեկավարության բարձրաստիճան աղբյուրը, որի անունը անվտանգության նկատառումներով չի հաղորդվում:
Համաձայն այդ տեղեկության՝ Թեհրանն առաջարկել է, որ Դամասկոսը ոչ միայն լիբանանցի շիաներին միջանցք տրամադրի դեպի Գոլանի բարձունքներ, այլև օգնի նրանց զենքով, ինչպես նաև նյութա-տեխնիկական աջակցություն ցուցաբերի:
Համաձայն պլանի՝ սիրիական իշխանությունները չպետք է խոչընդոտեն այլ երկրների մուսուլմաններին, որոնք ցանկանում են Սիրիա գալ՝ միանալու Իսրայելի դեմ ջիհադին:
Այդպիսով, Իրանն իբրև թե պատրաստվում է հասկացնել Արևմուտքին ու միջազգային հանրությանը, որ ոչ մի դեպքում Բաշար Ասադի ռեժիմի անկում թույլ չի տա և ցանկացած միջոցի կգնա՝ նման բան թույլ չտալու համար:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Հըզբոլլահի» առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլան հրապարակավ հայտարարել էր, որ Սիրիան իր կազմակերպությանը կտրամադրի նոր, նախկինում չկիրառված զենքի տեսակներ, որոնք կփոխեն խաղի կանոնները Իսրայելի դեմ ապագա պատերազմում:







































