Եթե Դամասկոսի իշխանությունները, Ռուսաստանը և Իրանը չիրագործեն կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, դա կարող է հանգեցնել այլ ընթացքի՝ Սիրիա «լրացուցիչ ցամաքային զորքեր» մտցնելու: Այս մասին Orient հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Եթե (Սիրիայի նախագահ Բաշար) Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիներն ու ռուսները նրան չստիպեն անել այն, ինչ իրենք խոստացել են… համաշխարհային հանրության անդամները, անխոս, պարզապես չեն նստի ապուշների նման և հետևեն դրան»,- ասել է Քերին:
Պետդեպի ղեկավարը Մոսկվայից պահանջել է դադարեցնել այն շրջանների ռմբակոծությունները, որտեղ պետք է զինադադար պահպանվի, և կրկին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մեջ: Նա նաև դեմ է արտահայտվել հակամարտությանն Ասադի կողմից «Հըզբոլլահի» գրոհայինների և Իրաքից շիա աշխարհազորայինների մասնակցությանը՝ նշելով, որ նրանք տեղ չունեն Սիրիայում և պետք է վերադառնան հայրենիք:
Քերին նաև կոչ է արել քաղաքական լուծում գտնել՝ հանուն Սիրիայի միասնության պահպանման: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը հստակ տարանջատում է սիրիական ընդդիմությանն ահաբեկիչներից՝ վերջիններից թվում ներառելով բոլորին, ովքեր «մարդկանց են սպանում ըստ էթնիկ կամ կրոնական պատկանելության»:
Խոսելով Ասադի ապագայի մասին՝ Քերին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կարծում են, թե Սիրիայում խաղաղություն չի լինի մինչև նրա պաշտոնանկությունը:
Փետրվարի 12-ին Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից սպասում է Սիրիայի ընդդիմության ուղղությամբ օդային հարվածների դադարեցում և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցությունից հրաժարում:
Մեկ շաբաթից ծրագրվում է կրակի դադարեցում պաշտոնական Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչների միջև: Այն, սակայն, չի վերաբերի Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողությանը, քանի որ Մոսկվայում պնդում են, որ դա ուղղված է բացառապես ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ:










































