Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսելում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը երեկ մեկնաբանել է Սիրիայի քրդերի (YPG) վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերը։
Քարթերին հարցրել են, թե ինչ է մտածում Էրդողանի հետևյալ խոսքերի մասին. «ԱՄՆ-ը, օգնելով Սիրիայի քրդերի խմբերին, ներդրում է ունենում տարածաշրջանն արյան ծովի վերածելու գործում»։
Ի պատասխան՝ Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան արդեն երկար ժամանակ է՝ դաշնակիցներ են, բայց իրենք չենք կարող Թուրքիայի հետ համակարծիք լինել բոլոր հարցերում։ Քարթերը հավելել է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան համատեղ պայքարում են ահաբեկչական ամեն տիպի դրսևորումների դեմ։
Քարթերը հայտարարել է, որ իրենք շարունակելու են աջակցել Սիրիայում տեղի ուժերին (առանց հիշատակելու YPG-ի անունը), որպեսզի հաղթանակի հասնեն ԴԱԻՇ-ի նկատմամբ, և դրա հետ մեկտեղ սերտորեն աշխատելու են Թուրքիայի հետ։












































