Սկսվել են «Աստղային պատերազմներ. Մաս VIII» ֆիլմի նկարահանումները, հայտնում է Entertainment Weekly-ն՝ հղում անելով Disney-ի ղեկավար Բոբ Այգերին:
Ֆանտաստիկ սագայի ութերորդ մասի աշխատանքները պետք է մեկնարկեին հունվարին, բայց նկարահանումները մի քանի շաբաթով հետաձգել էին:
Այգերը նշել է, որ Disney-ը պարզ ռազմավարություն ունի ապագա «Աստղային պատերազմների» նկատմամբ՝ տեսադաշտից չկորցնել այն, ինչը մարդկանց ստիպում է տոմսեր և հուշանվերներ գնել: «Այդ ֆրանշիզը դեպի ապագա առաջ տանելու ավելի լավ միջոց չկա, քան որակյալ արտադրանք թողարկելը»,- հայտարարել է նա:
Այգերի խոսքով՝ «Աստղային պատերազմներ. Մաս VIII»-ը կինոթատրոններում կհայտնվի 2017 թ. դեկտեմբերին: Նա նաև տեղեկացրել է, որ սկսվել է «Մաս IX»-ի աշխատանքը, որը պետք է թողարկվի 2019 թ.:









































