Բրիտանացի զինծառայողներն Աֆղանստանում կմնան մինչև 2015 թ. մարտ ամիսը՝ ծրագրված ժամանակից երեք ամիս անց: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը՝ այսօր ելույթ ունենալով խորհրդարանում:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ բրիտանացի վերջին զինծառայողներն Աֆղանստանից դուրս կբերվեն մինչև 2014 թ. վերջը:
Համոնդի խոսքերով՝ զորքի դուրս բերման գրաֆիկի փոփոխման հետ կապված՝ երկարացվել են նաև ռազմական գործուղումների ժամանակահատվածները: Միացյալ Թագավորության օդային ուժերի բրիգադն ավելի վաղ հայտարարված վեց ամսվա փոխարեն ութ ամիս կմնա:
Բրիտանական վերջին բրիգադն իր ռազմական հերթապահությունը կսկսի հաջորդ տարվա հունիսից: Անձնակազմի մեծ մասը դուրս կբերվի վեց ամիս անց՝ 2014 թ. դեկտեմբերին: Սակայն զինծառայողների ստորաբաժանումներն Աֆղանստանը կլքեն միայն 2015 թ. մարտին:











































