ԲՀԿ-ն ընդդիմություն չէ: Այս մասին մայրենի լեզվով, այսինքն՝ հայերեն հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երևի հատուկ բոլոր նրանց համար, ովքեր փորձում էին մի ամբողջ հասարակության համոզել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է և ուր որ է՝ դուրս է գալու հեղափոխության, իսկ ով չի հավատում նման լուսավոր ու վարդագույն հեռանկարին՝ նա ծախված է, կաշառված և այլն, և այլն:
Ընդհանրապես՝ պատրաստվո՞ւմ է արդյոք որևէ մեկը ներողություն խնդրել հասարակությունից նրան հետևողականորեն մոլորեցնելու համար, ինչով զբաղված էին վերջին մեկ տարվա ընթացքում՝ խորհրդարանական ընտրություններից մինչև Երևանի ավագանու ընտրություններ: Այս ընտրությունների առանցքում ԲՀԿ-ն էր, ավելի շուտ՝ ԲՀԿ-ի ընդդիմադիր կերպարը, իմիջը, ընդդիմադիր էությունը, որ բոլոր հնարավոր ու անհնար խողովակներով, ուղղակի և անուղղակի միջոցներով, դեմքի տարաբնույթ արտահայտություններով մատուցվում էր հասարակությանը որպես փրկության արշալույս: Երբ որևէ մեկը հանկարծ փորձում էր քննարկել այդ արշալույսի իրատեսական լինելը, փաստարկել, որ հասարակական զարթոնքը չի կարող կապվել մի կուսակցության և գործչի հետ, որի տարբերությունը իշխանություններից և իշխող համակարգից ընդամենը արտաքին է, անմիջապես արժանանում էր համատարած փրկչամանիայի պարսավանքին, հռչակվում գրեթե ժողովրդի թշնամի:
Այդպես, շատ հմտորեն «Բարգավաճ Հայաստանի» գործոնը միանգամայն հմտորեն խաղարկելով՝ իշխանությունները կարողացան նախ պառակտել ընդդիմադիր դաշտը, աղավաղել այստեղ մոտեցումները, սկզբունքներն ու արժեքները, որ միավորել էին բազմաթիվ մարդկանց, որոնք քաղաքական տարբեր հայացքներ ունեին, բայց դավանում էին նույն արժեքներին, իսկ հետո նաև այդ ամենի վրա կառուցել իրենց բացարձակ իշխանության նոր հարկերը: Ըստ որում, արդեն ոչ մի նշանակություն չունի՝ մտածված և համաձայնեցվա՞ծ էր այս ամենը ԲՀԿ-ի ու Ծառուկյանի հետ, թե՞ ոչ: Ի՞նչ տարբերություն:
Արդյունքը արդեն միանգամայն պարզ է. հասարակությունը կանգնել է հերթական կոտրած տաշտակի առաջ, ուր նրան կամ նրա զգալի մի մասին համառորեն և հետևողականորեն քշել կամ քաշել է քաղաքական ընդդիմության մի մասը: Իշխանությունները խաղարկեցին հրաշալի, կարելի է ասել՝ վիրտուոզ կամ «վերտուոզ» մի խաղ ժողովրդի գլխին, որին կամա, թե ակամա մասնակցեցին քաղաքական ուժերի և նրանց մունետիկների ճնշող մեծամասնությունը: Նաև փաստորեն խաղի ավարտն էր հրաշալի ընտրված՝ եկեղեցու և կազինոյի արանքում, որտեղ Գագիկ Ծառուկյանի միջոցով հավաքվել էին խաղի բոլոր մասնակիցները՝ անմիջապես իրենց կամ միջնորդ համակարգողների դեմքով: Ու հենց այդտեղ էլ Գագիկ Ծառուկյանը փակեց վարագույրը կամ պարզապես շրխկացրեց թակարդը, որում հայտնվեց ժողովուրդը «շրջիկ թատերախմբի» արհեստավարժ ջանքերով: Դա, իհարկե, վարագույր էլ չէր, այլ քաղաքական պատանք, որ քաշվեց այդ ուժերի վրա:
Քաղաքական պատանքից կարող են խուսափել միայն այն ուժերը կամ գործիչները, որոնք պատրաստ կլինեն հասարակությունից ներողություն խնդրել ամիսներ շարունակ նրանց մոլորեցնելու, թեկուզ սխալ հաշվարկներով ապակողմնորոշելու և փաստորեն իշխանություններին այդպիսով աջակցելու համար: Թեև, իհարկե, ամեն ինչ այն ծավալներն ու խորությունն էր ձեռք բերել, որ, մեղմ ասած, դժվար է հավատալ սխալվելու կամ ակամա ինչ-որ բանի մասին: Ակնհայտ է, որ երկար ժամանակահատված հասարակությունը ընդամենը գործ է ունեցել իր դեմ կոլեկտիվ հանցանքի հետ:
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի











































