Ֆերմերներն ի նշան Հունաստանի կառավարության խիստ տնտեսման քաղաքականության դեմ բողոքի՝ արգելափակել են Հունաստանի հյուսիսային Աթենք-Սալոնիկ գլխավոր ավտոմայրուղին: Այս մասին երեքշաբթի հայտնում է The Associated Press-ը:
Բողոքողները տրակտորներով փակել են երթևեկությունը մայրուղով: Ֆերմերները վերջնագրի ձևով կառավարությունից պահանջում են հրաժարվել կենսաթոշակային բարեփոխման և հարկերի բարձրացման ծրագրերից:
Գործակալության հաղորդմամբ՝ ֆերմերները ծրագրում են ուրբաթ օրվանից 3-օրյա գործադուլ սկսել Աթենքում խորհրդարանի շենքի դիմաց:
Երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ընդունած՝ բյուջեի տնտեսման միջոցառումներն ամբողջ երկրում բողոքների և գործադուլների ալիք են առաջացրել, որոնց մասնակցում են բնակչության տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Ավելի վաղ հաղորդվում էր խոշորագույն արհմիությունների կողմից համընդհանուր գործադուլի անցկացման մասին, որը կաթվածահար է արել պետական և մունիցիպալ ձեռնակությունների և հաստատությունների աշխատանքը:




































