Դերասան Մորգան Ֆրիմանն ասում է, որ հոլիվուդյան ֆիլմարտադրության խնդրիներն ավելի խոր արմատներ ունեն, քան «Օսկարի» մրցանակաբաշխությունն է: Նրա խոսքով՝ բազմազանության պակասը Հոլիվուդում միայն «Օսկարին» չէ, որ վերաբերում է. ողջ ֆիլմարտադրությունը փոփոխության կարիք ունի` սկսած սցենարիստներից:
USAToday-ի հետ հարցազրույցում նա ասել է. «Մենք պետք է հետ գնանք` «Օսկարի» մրցանակաբաշխությունից էլ առաջ: Մենք պետք է հետ գնանք՝ դեպի տեսախցիկի հետևում գտնվողը, նա, ով օգնում է ֆիլմեր նկարահանել»: Դերասանը նշել է, որ խնդիրը սկսվում է, երբ չկան բավարար պատմություններ սևամորթ դերասանների կամ կինոարտադրությամբ զբաղվողների համար:
«Անձամբ կփորձեմ և փորձում եմ խրախուսել սցենարիստներին»,- ասել է Ֆրիմանը: «Մենք սցենարիստների կարիք ունենք», եթե ունեք պատմելու արժանի պատմություններ, ուրեմն, արե’ք դա: Դա Ձեր ամենամեծ ներդրումն է: Ինձ համար անիրական է սպիտակամորթների կողմից ղեկավարվող և վերջիններիս պատկանող ստուդիային ասել. «Ինչո՞ւ չեք պատմում իմ պատմությունը»:
Այն բանից հետո, երբ երկրորդ տարին անընդմեջ դերասանական անվանակարգերի բոլոր 20 հավակնորդներն էլ սպիտակամորթ էին, Ակադեմիան հունվարի 22-ին հայտարարեց իր քվեարկության և անդամակցության ընթացակարգերի վերանայման մասին:






































