Ահաբեկչությունները, որոնք օրեր առաջ տեղի էին ունեցել Սիրիայի հետ սահմանակից թուրքական Ռեյհանլը քաղաքում, ձեռնտու են քրդական հարցի լուծմամբ ոչ շահագրգիռ ներքին ուժերին: Այս մասին հայտարարել է Սիրիայի փոխվարչապետ Կադրի Ջամիլը:
Մայիսի 11-ին տեղի ունեցած երկու պայթյունները Թուրքիան անվանել է ահաբեկչություն և պատասխանատվությունը դրել Սիրիայի վրա: Դամասկոսը կտրականապես հերքում է մեղադրանքները: Հիշեցնենք, որ երկու ականապատված մեքենաների պայթյունների հետևանքով զոհվել է 50 մարդ, տուժել՝ 155 մարդ: Կա 6 անհայտ կորած:
RIA Novosti–ի հետ հարցազրույցում նա ասել է, որ կան ուժեր, որոնք հետաքրքրված չեն Թուրքիայում քրդական հարցի լուծմամբ: Նա, որպես այդպիսին, տեսնում է ծայրահեղական աջ ուժերին:
Ջամիլի խոսքերով՝ այդ ուժերը լավ իրազեկված են բազմազգ և բազմակրոն Հաթայ նահանգում իրավիճակի մասին, որտեղ միասին բնակվում են քրդեր, արաբներ, թուրքեր, սունիներ ու ալավիներ: Նա ասել է, որ այդ ուժերը ցանկանում են ոչ թե պառակտել, այլ «փշրել» նրանց:
«Այդ հանցագործությունները հետաքննություն են պահանջում»,- հայտարարել է Ջամիլը: Նա չի բացառում, որ ահաբեկչություններին կարող են մասնակից լինել մի շարք տարածաշրջանային և արևմտյան տերությունների հատուկ ծառայություններ:
Ջամիլի կարծիքով՝ Սիրիային ցանկանում են ահաբեկչությունների մեջ մեղադրել Արևմուտքի ու տարածաշրջանի այն քաղաքական գործիչները, որոնց մոտ «անհարմարավետության» զգացում է առաջացել՝ կապված մայիսի 8-ին Ջոն Քերիի ու Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո ի հայտ եկած՝ ճգնաժամի քաղաքական կարգավորման հեռանկարների և հակամարտության ուժային որոշման ձախողման հետ:
«Նախկինում քիմիական զենքն էր, այժմ, որպես պատրվակ, նրանք խոսում են ահաբեկչությունների մասին»,- ասել է Ջամիլը:










































