Այսօր Սեուլում վերջին պահին չեղյալ է հայտարարվել Հարավային Կորեայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նոր նախարար Յուն Բյոն Սեի առաջին մամլո ասուլիսը: Բանն այն է, որ նա չի ցանկացել պատասխանել անխուսափելի հարցերին՝ կապված նախագահի նախկին մամլո քարտուղարի մասնակցությամբ սեքս-սկանդալի հետ: Արտգործնախարարը լրագրողների հետ հանդիպմանը պետք է պատմեր պետության ղեկավարի՝ վերջերս ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին, որտեղ էլ տեղի է ունեցել այդ պատմությունը:
Մամլո ասուլիսը տեղափոխվել է հաջորդ երկուշաբթի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Երկուշաբթի Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն ներողություն էր խնդրել իր նախկին մամլո քարտուղար Յուն Չան Չժունի վարքի համար, որն անցած շաբաթ սկանդալի պատճառով հեռացվել է պաշտոնից:
«Ցավում եմ, որ պետական ծառայողը նման գործողություններ է իրեն թույլ տվել»,- հայտարարել էր նա:
Յուն Չան Չժունը հեռացվել է հենց այցի ընթացքում՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնի ոստիկանությունը բողոք է ստացել Հարավային Կորեայի դեսպանատան աշխատակցուհուց, որը մամլո քարտուղարին մեղադրել է անպատշաճ վարքի մեջ: Մամլո քարտուղարը ներողություն է խնդրել կատարվածի համար, սակայն իրեն մեղավոր չի ճանաչել սեռական ոտնձգությունների մեջ: «Ենթադրում եմ, որ տեղի է ունեցել թյուրիմացություն՝ մշակութային տարբերությունների պատճառով»,- պարզաբանել էր Չժունը:










































