Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգի Ջիզրե քաղաքում հակաահաբեկչական գործողության ժամանակ վերջին մեկ օրում սպանվել են երկրում արգելված PKK-ի 60 անդամներ։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
Ուժային կառույցների աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ թուրք ուժայինները ներխուժել են նկուղ, որտեղ եղել են 70 քուրդ գրոհայիններ, նրանցից 60-ը զոհվել են զինված ընդհարման ժամանակ։
Ավելի վաղ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութունը հայտարարել էր, որ Ջիզրեի նկուղներից մեկում արգելափակված են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ վիրավորներ, և պահանջել էր ապահովել նրանց բուժօգնությամբ։
Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալներով՝ դեկտեմբերի կեսերից հակաահաբեկչական գործողության շրջաններում ոչնչացվել է մոտ 850 քուրդ գրոհային։ Քուրդ ակտիվիստներն իրենց հերթին պնդում են, որ խաղաղ բնակիչների շարքում զոհերի մեծ մասը պատահական են։









































