Մեծ Բրիտանիան հավելյալ 30 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի սիրիացիների մարդասիրական օգնության համար, ևս 10 միլիոն ֆունտ՝ սիրիական ընդդիմությանը ոչ ռազմական օգնության համար՝ ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի տարածած հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան կտրամադրի հավելյալ 30 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ սիրիական ճգնաժամի զոհերի մարդասիրական օգնության համար, և հավելյալ 10 միլիոն՝ սիրիական ընդդիմության ուժեղացմանն ուղղված ոչ ռազմական օգնության համար»,- ասվում է Դաունինգ սթրիթի հաղորդագրության մեջ:
Այսպիսով՝ Մեծ Բրիտանիայի կողմից հատկացված մարդասիրական օգնության չափը հասնում է 170 միլիոն ֆունտի: Միացյալ Թագավորության կողմից սիրիական ընդդիմությանը տրամադրված ոչ ռազմական օգնության ծավալը կազմել է 12 միլիոն ֆունտ, իսկ նոր հատկացմամբ գումարը փաստացի կկրկնապատկվի՝ ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիան, ինչպես նախկինում, ձգտում է ճգնաժամի քաղաքական կարգավորման՝ ռեժիմի վրա ճնշման ուժեղացման և չափավոր ընդդիմության ամրապնդման հաշվին:









































