Երկօրյա նստացույցից հետո այսօր ազատամարտիկները Ազատության հրապարակից մեկնարկած երթով շարժվեցին դեպի կառավարության շենք՝ հանձնելու իրենց դիմումը: Մայիսի 11-ին Ազատության հրապարակում նստացույց հայտարարած պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին այսօր արդեն միացել է շուրջ 30 ազատամարտիկ: Նրանք պահանջում են բարձրացնել կենսաթոշակները, ապահովել արժանապատիվ կյանք և ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին:
Ազատամարտիկների մեջ կան այնպիսիք, ովքեր մինչ օրս հաշվառված չեն որպես Արցախյան ազատամարտի մասնակից: Նրանք երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի կառավարության շենք, որտեղ դիմումը ներկայացրին Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին: Դիմումը կառավարությանը ներկայացրեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը՝ մի քանի ազատամարտիկների հետ:
Փակ դռների հետևում քննարկումից հետո Ալեքսանդր Ղազարյանը ներկաներին տեղեկացրեց, որ ամենաշատը մեկամսյա ժամկետում նամակի պատասխանը պարզ կլինի. «Կստեղծվի աշխատանքային խումբ, որը մանրամասն կուսումնասիրի նամակում նշված խնդիրները: Այստեղ մի քանի նախարարություններ պիտի աշխատեն, սակայն նամակի պատասխանը կլինի սահմանված ժամկետում»:
Մանրամասները դիտեք տեսանյութում:







































