«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Լոս Անջելեսի վարչաշրջանի ոստիկանապետ Շերիֆ Լի Բաքան մտադիր է ընթացիկ տարվա աշնանը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Լոս Անջելես այցելելու հրավեր ուղարկել:
Լոս Անջելեսի մեր աղբյուրները առայժմ միայն տեղեկացվել են, որ այդպիսի հրավեր է սպասվում, սակայն դեռևս հայտնի չէ՝ Վ. Գասպարյանը կընդունի՞ այն, թե՞ ոչ:
Լի Բաքան Հայաստանի ոստիկանապետի հետ ցանկանում է քննարկել Լոս Անջելեսում հանցագործություն կատարած և ԱՄՆ-ի տարբեր նահանգների բանտերում իրենց պատիժը կրող մի քանի հազար ՀՀ քաղաքացիների պատիժը կրելուց հետո նրանց հայրենիք արտահանձնման հետ կապված հարցերի շուրջ: Բաքան հույս ունի Վլադիմիր Գասպարյանի հետ քննարկել նաև Լոս Անջելեսի հայ համայնքի հետ արդյունավետ աշխատանքի հնարավորությունը:
Հաշվի առնելով Կալիֆոռնիայում, մասնավորապես՝ Լոս Անջելեսում հայահոծ համայնքը, Լոս Անջելեսի շերիֆը միշտ ջանում է լավ հարաբերություններ պահպանել Հայաստանի իրավական համակարգի պատասխանատուների՝ մասնավորապես ոստիկանության առաջին դեմքերի հետ:










































