ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ենթադրում է, որ Նոր Օռլեանում շքերթի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունը «փողոցային բռնության» գործողություն է, ոչ թե ահաբեկչություն: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով FBI-ի ներկայացուցչիչ Մերի Բեթ Ռոմիգի հայտարարությանը:
Մայիսի 12-ին անհայտ անձինք կրակ էին բացել Մայրերի օրվա առիթով քաղաքում անցկացված շքերթի մասնակիցների վրա: Շքերթին մասնակցել է մոտ 300 մարդ:
Ոստիկանությունը փնտրում է երեք կասկածյալի: Ականատեսները հարցաքննվում են, ուսումնասիրվում են տեսահսկման խցիկների նկարահանումները: Կրակոցներից անմիջապես հետո իրավապահները նկատել են դեպքի վայրից փախչող երեք անձանց, որոնցից մեկին նկարագրում են որպես մոտ 20 տարեկան, սպիտակ վերնաշապիկով, ջինսե տաբատով, սևամորթ երիտասարդ:
Միջադեպի հետևանքով տուժել է 19 մարդ: Դեպքը տեղի է ունեցել Frenchmen և N. Villere փողոցների հատման կետում: Քաղաքի ոստիկանապետի խոսքով՝ կիրառվել է երկու տեսակի զենք: Շքերթի անվտանգությունն ապահովել են ոստիկանները, սակայն հարձակումը եղել է անսպասելի և տևել ընդամենը մի քանի վայրկյան: