Նավազ Շարիֆը՝ շաբաթ օրը Պակիստանում կայացած խորհրդարանական ընտրություններին ձայների մեծամասնության արժանացած Պակիստանյան մուսուլմանական լիգայի առաջնորդը, պատրաստ է երրորդ անգամ դառնալ երկրի վարչապետ: Եթե դա տեղի ունենա, ապա նրա կառավարության արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը կլինի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդումը: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել է Շարիֆը:
63-ամյա Շարիֆը արդեն երկու անգամ զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը՝ 1990-1993 և 1997-1999 թվականներին: Նա վստահ է, որ կարող է ԱՄՆ-ի ղեկավարության հետ փոխզիջման գնալ վիճելի հարցերի լուծման շուրջ: Նրա խոսքով՝ երբ ինքն իշխանության ղեկին էր, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատ չէին: Շարիֆը հույս է հայտնել, որ դրանք կզարգանան:
Մեկնաբանելով Պակիստանում անցկացված ընտրությունների արդյունքները՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է ամրապնդել կապերը երկրի նոր կառավարության հետ: