Bissol ընկերությունը յուրահատուկ սարքավորում է ստեղծել՝ iPhone 5-ի մեջ սովորական ցուցատախտակով ժամացույց տեղադրելով: Սակայն ինչու հագեցնել գաջեթն այդպիսի ժամացույցով, եթե այն առանց դրա էլ կարողանում է ժամը ցույց տալ:

Բանն այն է, որ սմարթֆոնի ներքևի հատվածում տեղադրված ժամացույցը ժամը ցույց է տալիս առանց հեռախոսն ակտիվացնելու: Այսպիսով տնտեսվում է սմարթֆոնի էներգիան:

Սակայն կա նաև հարցի գեղարվեստական կողմը. ժամացույցով սմարթֆոնը շատ յուրահատուկ և ոճային տեսք ունի, որը դրա սեփականատիրոջը թույլ է տալիս առանձնանալ սովորական iPhone ունեցողներից: Bissol սմարթֆոնն ավանդական և ժամանակակից ոճերի ներդաշնակ միաձուլում է:

Հատուկ այս ժամացույցի համար հինգ թանկարժեք քարերով մեխանիզմ է ստեղծվել: Կորպուսն անոդացված ալյումինից է, իսկ ցուցատախտակը հագեցած է շքեղ շափյուղե ապակիով: Լուսնի փուլերի ցուցիչը ոսկեզօծ է:

Այս սմարթֆոնի գինը չի հրապարակվում, սակայն վերը նշվածից կարելի է ենթադրել, որ արտադրողները դրա համար կլորիկ գումար կպահանջեն:











































