Հայ հասարակությունը հաճախում է կինոթատրոն հիմնականում հայկական արտադրության ֆիլմեր դիտելու: Այս մասին մեզ փոխանցեցին Երևանի երկու՝ «Նաիրի» և «Մոսկվա» կինոթատրոններից: «Մոսկվա» կինոթատրոնից փոխանցեցին, որ ավելի շատ հաճախում են մինչև երեսուն տարեկան մարդիկ: Բացի հայկական արտադրության ֆիլմերից՝ նրանք դիտում են նաև ֆանտաստիկ, կատակերգական, պատմական ժանրի ֆիլմեր:
Այստեղ ֆիլմերը թարմացվում են յոթ, տասն օրը մեկ: Եթե որոշ ֆիլմերի պահանջարկը մեծ է, ապա մեծ դահլիճում ցուցադրելուց հետո ցուցադրում են նաև փոքրերում: Վերջին շրջանում այդպիսիներից էին Նժդեհի մասին և «Կորած-մոլորվածը» ֆիլմերը: Ինչպես մեզ փոխանցեցին, աշխատանքային օրերին դահլիճները համեմատաբար դատարկ են լինում:
«Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Հարություն Հուրիխանյանն էլ փաստեց, որ կինոթատրոն գալիս են հայկական նոր հիթեր նայելու համար: Լինում են դեպքեր, երբ համաշխարհային հիթեր էլ են ցուցադրվում, բայց այցելությունը շատ ավելի քիչ է լինում:
«Կինոն երևի թե սեզոնային աշխատանք է՝ ձմռանը, աշնանը և գարնան սկզբներին ավելի շատ են հաճախում»,- ասաց նա՝ հավելելով, որ «Նաիրի» կինոթատրոնում ֆիլմերը թարմացվում են ամիսը կամ ամիսուկեսը մեկ անգամ, իսկ եթե մեծ պահանջարկ վայելող հայկական ֆիլմ է լինում, ցուցադրությունը կարող է ավելի երկար տևել:
Նշենք, որ առավոտյան ժամերին՝ մինչև ժամը 11-ը, երևանյան կինոթատրոններում տոմսերն արժեն 500 դրամ, դրանից հետո՝ 1000-1500, իսկ եթե ֆիլմի պրեմիերա է՝ մինչև 2000 դրամ:
Այլ երկրների համեմատ՝ Հայաստանում կինոարտադրությունը դեռևս զարգացման փուլում է, շատ չեն նաև կինոթատրոնները: Մի շարք երկրներում կինոթատրոններ կան ոչ միայն մայրաքաղաքներում, այլև մյուս քաղաքներում, և դրանք գործում են այնպես, ինչպես մայրաքաղաքի կինոթատրոնները:
Մեզանում կինոթատրոններ հաճախելիությունը նվազում է նաև նոր բացված կինոակումբների պատճառով: Այժմ Երևանում գրանցված է ութ կինոակումբ, որտեղ ցուցադրվում են մինչև 7D ֆիլմեր: Այս կինոակումբների տոմսերի գները մրցակցային են, չեն գերազանցում կինոթատրոնների գներին: Այստեղ ֆիլմերի ընտրությունն ավելի մեծ է, ինչը այս ասպարեզում առաջացնում է մրցակցային բիզնես-դաշտ:








































