Թուրքիան իրեն իրավունք է վերապահում կատարել «ցանկացած պատասխան միջոցառումներ» պայթյունների շարքից հետո, որին շաբաթ օրը զոհ է դարձել ավելի քան 40 մարդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է այցով Բեռլինում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նախարարն ասել է, որ այդ թեման կքննարկի վարչապետ Էրդողանի հետ: Դավութօղլուն հայտարարել է, որ չի տեսնում ՆԱՏՕ-ի արտակարգ հանդիպում գումարելու անհրաժեշտություն, ինչպես դա արվել է անցած տարվա հոկտեմբերին Սիրիայի կողմից թուրքական բնակավայրի հրթիռակոծումից հետո:
Շաբաթ օրը սիրիական սահմանից ոչ հեռու գտնվող Թուրքիայի Ռեյհանլի քաղաքում՝ քաղաքապետարանի ու փոստի շենքի մոտ, երկու պայթյուններ էին որոտացել: Պայթել էին երկու ականապատված մեքենաներ, որոնք գործարկվել են հեռակառավարմամբ:
Վերջին տվյալներով զոհվել է 42, տուժել 140 մարդ, որից 20-ը գտնվում են ծանր վիճակում:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերի խոսքով՝ պայթյունների իրականացման մեջ կասկածվողների ինքնության հաստատման աշխատանքը մոտ է ավարտին: Նրա խոսքով՝ քննությունը կարծում է, որ ահաբեկչությունների շարքն իրականացնողները կապված են սիրիական հետախուզության հետ: Համանման տեղեկատվությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը:










































