ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանությունից 50 տարի անց ամերիկացիների մեծ մասը, ինչպես նախկինում, վստահ է, որ երկրի առաջնորդը դարձել է ոչ թե միայնակ մարդասպանի, այլ մասշտաբային դավադրության զոհ: Այդ վարկածի կողմնակիցների թիվը, իհարկե, տարեցտարի նվազում է: Այս մասին են վկայում սոցիոլոգիական հարցման արդյունքները: Սոցհարցումն ապրիլի կեսերին անցկացրել է Associated press գործակալությունը:
Հարցմանը մասնակցել է 1000-ից ավելի ամերիկացի: 59 տոկոսը կարծում է, որ Քենեդու սպանության գործում ներգրավված է եղել մարդկանց մի ամբողջ խումբ: 24 տոկոսը վստահ է, որ Լի Հարվի Օսվալդը, որը պաշտոնապես ճանաչվել է մարդասպան, միայնակ է գործել: 16 տոկոսը չի վստահում ո´չ այս, ո´չ էլ այն վարկածին:
Հարցման հեղինակները նշում են, որ 2003 թվականին Քենեդու սպանության մասշտաբային դավադրության վարկածին հավատում էր ամերիկացիների 75 տոկոսը:
Ջոն Ֆիցջերալդ Քենեդին սպանվել է Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում՝ 1963 թվականի նոյեմբերի 22-ին: Իրականացվել է տարբեր կետերից արձակված 6 կրակոց:










































