Եգիպտոսի հատուկ ծառայությունները կանխել են երկրում ահաբեկչությունների շարքը, որոնք ծրագրել էին «Ալ-Քաիդային» համակրող ծայրահեղականները: Այս մասին շաբաթ օրը մամլո կոնֆերանսի ժամանակ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Մուհամմեդ Իբրահիմը:
Նրա խոսքերով՝ ձերբակալվածները երեք երիտասարդ եգիպտացիներ են, որոնց մոտ 10կգ պայթուցիկ նյութ է հայտնաբերվել:
Ահաբեկիչների գլխավոր թիրախներից մեկը Ֆրանսիայի դեսպանատունն էր: Նախարարի խոսքերով՝ ծայրահեղականները մտադրվել էին վրեժխնդիր լինել Փարիզից Մալիում իրենց համախոհներին հետապնդելու համար: Ձերբակալվածները ցուցումներ են ստացել «Ալ-Քաիդայի» արտասահմանյան ներկայացուցիչներից՝ նշել է նախարարը:
Նա հայտարարել է, որ ահաբեկչական այդ կազմակերպության խմբավորումները Եգիպտոսում չեն գործում, այնտեղ միայն նրանց համակրող տարրերն են:










































