Ազատության հրապարակում մի խումբ ազատամարտիկներ հավաքվել են՝ կառավարությանը ներկայացնելու իրենց պահանջները: Դեռևս երեկ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հայտարարել էր նստացույցի մասին, այսօր արդեն նրան են միացել տարբեր մարզերից եկած ազատամարտիկներ: Նրանք պահանջում են կենսաթոշակի բարձրացում, իրենց հանդեպ ուշադրություն, արժանապատիվ ապրելակերպ:
«Առաջին լրատվական»-ը եղավ Ազատության հրապարակում, զրուցեց ազատամարտիկների հետ: Նրանց բոլորի պահանջը մեկն է՝ գնահատել Արցախյան ազատամարտում ունեցած իրենց ավանդը: Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետությունը իրենց համար բացի շատ ցածր թոշակից, ոչինչ չի անում. «Հասկանում եմ` մեր պետությունը հիմա ֆինանսական խնդիրներ ունի, չի կարող շատ ուշադրություն տրամադրել, բայց գոնե ինչ-որ բարեփոխումներ կարող է անել, որ չի անում»:
Այժմ ազատամարտիկները հրապարակում քննարկում են ապագա անելիքները, գրանցում են իրենց անունները, որպեսզի որոշեն, թե ում են ուղղելու իրենց բողոքը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































