Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ քննվում է Մարիամ Գզոյանի գործը:
19-ամյա Մարիամ Գզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելու հանգամանքը, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ՝ զուգորդված ծանր հանցագործության համար մեղադրելով՝ 2012 թվականի նոյեմբերի 29-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, իբր՝ նախորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, Խանջյան փողոցում գտնվող «XXX» կարաոկե ակումբում իր ծանոթ Համազասպը դանակի սպառնալիքի ներքո, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ:
Մարիամ Գզոյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին:
Նմանատիպ մի գործ էլ քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:
26-ամյա Սյուզաննա Հակոբյանը 2012 թվականի դեկտեմբերի 20-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում իր իսկ հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, սուտ մատնություն կատարելով՝ բացատրություններ է տվել, իբր՝ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 21-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ Միհրանը Երևանյան լճի հարակից տարածքից ավտոմեքենայով իրեն առևանգել է:
Սյուզաննա Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Նրա խափանման միջոցը ևս ստորագրությունն է չհեռանալու մասին:
Սուտ մատնություն կատարելու միջոցով տղամարդկանց «պատժելու»՝ որոշ կանանց փորձերը, այսպիսով, բումերանգի «էֆեկտ» են ունեցել: Նման մտադրություն ունեցող մյուս կանայք կարող են ուրիշների սխալներից հետևություններ անել:








































