Օրեր առաջ ֆրանսահայ քաղաքական փախստական Արծրունի Ավետիսյանը հայտարարել էր, թե հոկտեմբերի 27-ին պետք է սպանվեր բոլորովին այլ մարդ, և այդ մարդը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն էր: Նրա կարծիքով՝ խորհրդարանում տեղի ունեցածը ռուսների վրեժխնդրությունն էր Հայաստանի հանդեպ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վ. Շիրխանյանն, անդրադառնալով Ավետիսյանի խոսքերին, ասաց. «Ես ցնդաբանությունների հետևից չեմ ընկնում, չեմ մեկնաբանում, տեսանյութն էլ չեմ դիտել»: Հարցին, թե բացառու՞մ է վերը նշվածը, Վ․ Շիրխանյանը պատասխանեց․«Ես Ձեր հարցին պատասխանեցի արդեն»:
Մինչդեռ ֆրանսահայ փախստական Արծրունի Ավետիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պնդեց, որ հոկտեմբերի 27-ին պետք է սպանվեր հենց Վահան Շիրխանյանը, քանի որ նա է պատասխանատու Ռուսաստանում տարիներ առաջ տեղի ունեցած ահաբեկչության համար, իսկ թե որ ահաբեկչության Ա. Ավետիսյանը չցանկացավ մանրամասնել։
«Նույնիսկ ամենատեղյակ համարվող մարդիկ տեղյակ չեն հոկտեմբերի 27-ի իրական պատճառների մասին։ Այդ մասին ես դեռ կասեմ իմ խոսքը, բայց ավելի ուշ։ Իսկ թե ինչո՞ւ պետք է սպանվեր Վահան Շիրխանյանը, ապա շատ պարզ պատճառով, որ ինքն է Մոսկվայում կատարած տեռորի հեղինակը, այլ ոչ թե Վազգեն Սարգսյանը։ Վերջինս և Կարեն Դեմիրճյանն արդեն Մոսկվային վրդովեցրել էին՝ դա ես շատ լավ գիտեմ։ Պատճառն ամերիկացիների հետ նրանց ձեռնարկած ֆինանսական օգնության հարցն էր և այլն։ Սերժ Սարգսյանը այդ կրակը բոցի վերածելու համար Մոսկվային կեղծ տվյալներ է հաղորդել այն մասին, որ Վազգեն Սարգսյանն է այնտեղ կատարված տեռորի հեղինակը։ Դա հարված էր ռուսների սրտին։ Մնացածից Դուք արդեն տեղյակ եք։ Այսպիսով ճանապարհն արդեն դեպի ռեալ իշխանութուն բաց էր իր և Ռոբերտի համար»,- ասաց Ավետիսյանը։
Մեր այն հարցին, որ եթե Շիրխանյանն էր պատասխանատու իր ասած ահաբեկչության համար, ապա ինչու՞ խորհրդարանում բոլորովին այլ մարդիկ սպանվեցին, Ա․ Ավետիսյանը պատասխանեց. «Նրանք այդպես մասսայական, դաժանորեն հայերին կամ Հայաստանին պատժեցին դրա համար։ Դա Ռուսաստանի վրեժխնդրությունն էր Հայաստանից։ Կգա ժամանակը, և ավելի պարզ կլինի բոլորիդ համար։ Ես պարզապես չեմ կարող ամեն ինչի մասին խոսել։ Ամենակարևորը դուք հիմա գիտեք, թե ով և ինչու է կազմակերպել այդ սպանդը։ Իմ ամեն մի խոսքը ճիշտ է և առանց չափազանցությունների»։
Պատասխանելով մեր հարցին, թե ինչու է որոշել հենց հիմա բարձրաձայնել այդ մասին, մեր զրուցակիցն ասաց. «Դա ուրիշ հարց է՝ թե ինչու եմ հիմա ասում: Ես 2011 թվականի վերջում եմ ստացել իմ քաղաքական ստատուսը Ֆրանսիայում։ Եթե մինչ այդ ասեի լուրջ չեր ընկալվի՝ չհաշված ուրիշ ռեալ շատ բարդ պրոբլեմներ»։
«Եվ վերջապես, եթե ստում եմ, ապա ինչո՞ւ ինձ դատի չեն տալիս զրպարտելու համար». այս հարցով ավարտեց իր խոսքն Ա. Ավետիսյանը։











































