ԱՄՆ նախագահի թեկնածուներ՝ սենատորներ Թեդ Քրուզը և Մարկո Ռուբիոն քննադատել են գործող նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում անվճռականության համար, և հանդես եկել հօգուտ ահաբեկիչների դեմ ակտիվ ռազմական գործողությունների: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Հինգշաբթի Քրուզն ու Ռուբիոն Հանրապետական կուսակցությունից այլ թեկնածուների հետ մասնակցել են Fox News հեռուստաալիքով անցկացված դեբատներին: Թրամփը հրաժարվել էր մասնակցել դրանց:
«Դուք գիտեք՝ ինչ է նշանակում արյունահեղ ռմբակոծություններ: Դա այն է, ինչ մենք արեցինք Պարսից ծոցում պատերազմի ժամանակ՝ օրական 1100 գրոհ, մեծ մասամբ ռմբակոծություններ, որոնք ամբողջովին ոչնչացրին թշնամուն: Այժմ Բարաք Օբաման օրական կատարում է 15-30 գրոհ, նա չի զինում քրդերին: Մենք պետք է մարտահրավեր նետենք թշնամուն, մենք պետք է վերականգնենք բանակը, որպեսզի հաղթենք թշնամուն»,- ասել է Քրուզը:
Իր հերթին Ռուբիոն նույնպես արտահայտվել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի ռազմական ջանքերի ուժեղացման օգտին: «Նրանց հարկավոր է հաղթել ռազմական ճանապարհով: Եվ ես դա կանեմ ԱՄՆ-ի գերազանց ռազմական ուժերով»,- ասել է նա:
«ԴԱԻՇ-ին չի կարելի հաղթել բանակի օգնությամբ, որն անընդհատ կրճատում են: Եթե ես դառնամ նախագահ, կվերականգնեմ ԱՄՆ զինված ուժերը, քանի որ աշխարհը անվտանգ է, երբ ԱՄՆ զինված ուժերը ամենահզորն են»,- ավելացրել է Ռուբիոն:








































