Երեկ բանակի օրվա առիթով Հայաստանի իշխանական շքախմբի կազմում այցելելով Եռաբլուր՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի պատասխանել այլ հարցերի: Թե ինչ է նկատի առնվել այլ հարցերի շարքում, կդժվարանանք ասել, սակայն հենց բանակի թեմայով վարչապետից ակնկալվող խոսքերը ամենևին այն չեն, ինչով բավարարվել է Հովիկ Աբրահամյանը, ասելով, որ մենք ունենք հպարտանալու բանակ:
Մեծ հաշվով, հասարակությունը Հայաստանի պաշտոնյաներից չունի կարիք լսելու, թե ինչպիսի բանակ մենք ունենք: Հասարակությունը գիտե, թե Հայաստանն ինչպիսի բանակ ունի, որովհետև այդ բանակը հասարակության բանակն է, այդ բանակի զինվորներն ու սպաները Հայաստանի հասարակության ծնունդն են, հասարակությունից են գալիս բանակ:
Պաշտոնյաներից Հայաստանի հասարակությունն ուզում է լսել, թե այդ բանակի մարտունակության և անվտանգության համար ինչ է կատարվում, այսպես ասած, ըստ ոլորտային պատասխանատվության: Եվ տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետության վարչապետից հարկ է լսել ոչ թե բանակի հպարտանալի լինելու մասին, այլ այն մասին, թե հպարտանալի բանակին որքան է համահունչ և այդ բանակի առաջացրած հպարտության ֆոնին ինչ զգացումներ և զգացմունքներ կարող է առաջացնել Հայաստանի տնտեսությունը, տնտեսական վիճակը:
ժամանակակից աշխարհում պետությունները օրգանական միավորներ են, որտեղ ամեն մի շղթա սերտորեն կապակցված է մյուսին, որտեղ մեկի մրցունակությունը բխում է մյուս օղակների կենսունակությունից: Եվ այս ամենի գեներացիան իրականացվում է տնտեսական հզորությունների և հնարավորությունների միջոցով: Պատկերավոր ասած՝ չի կարող լինել հպարտանալու բանակ և ամաչելու բյուջե: Իսկ այս տեսանկյունից, Հայաստանի 2016 թվականի բյուջեի նախագիծը հենց ամոթ է առաջացնում կամ առաջացնում է այնպիսի զգացումներ և զգացողություններ, որոնք չափազանց հեռու են հպարտության հետ համեմատվելուց: Իսկ հպարտացնող բանակ և չհպարտացնող բյուջե հարաբերակցությունը, մեղմ ասած, պետական անվտանգության օգտին չէ:
Եվ ուրեմն, տնտեսական վիճակի, սոցիալ-տնտեսական զարգացումների և մարտահրավերների, ինչպես նաև դրանց զսպման, հակազդման տնտեսական քաղաքականության քայլերի վերաբերյալ հարցերը երբեք, ոչ մի օր չեն կարող բանակի թեմայի համեմատ լինել այլ հարցեր: Ավելին՝ հենց դրանք են այսօր բուն հարցերը ինչպես ցանկացած պետության, այնպես և Հայաստանի համար:
Եվ սրանք հարցեր են, որոնց պատասխաններն անկասկած հետաքրքրում են ոչ միայն հասարակությանը, այլ նաև հենց բանակին, սահմանին կանգնած զինծառայողներին ու սպաներին, որովհետև նրանց անվտանգությունը անմիջականորեն կախված է ոչ միայն սեփական մարտունակությունից, համարձակությունից, խիզախությունից և հայրենասիրությունից, պետության հանդեպ պարտքի բարձր գիտակցումից, այլ նաև այդ պետության սոցիալ-տնտեսական վիճակից:
Բանակի պարագայում «այլ թեմա» գոյություն չունի ոչ միայն վարչապետի, այլ ցանկացած պաշտոնյայի պարագայում՝ սկսած Սերժ Սարգսյանից, մինչև ԱԺ որևէ պատգամավոր: Եվ ընդհանրապես, բոլոր թեմաները ժամանակակից աշխարհում գալիս են տնտեսությունից և տանում են դեպի տնտեսություն:
Լուսանկարը՝ Armtimes.com-ի










































