Գերմանիայի իշխող կոալիցիան պայմանավորվել է միգրացիոն քաղաքականության ոլորտում օրենսդրական ուղղումների ընդունման մասին՝ հայտնում է Deutsche Welle-ն։
Փախստականները, որոնք ստանում են Գերմանիայում մնալու ժամանակավոր թույլտվություն, առաջարկվող կանոններով կարող են ստանալ իրավունք տեղափոխելու իրենց ընտանիքը 2 տարուց ոչ շուտ։ Սակայն որոշ ներգաղթյալներ, ովքեր չունեն փախստականի կարգավիճակ, սակայն Գերմանիայի տարածքում են գտնվում օրինական կերպով՝ հայրենիք արտաքսման հնարավոր սպառնալիքների պատճառով, կարող են հարազատներին ավելի շուտ տեղափոխել։ Դա վերաբերում է նրանց, ում հարազատները գտնվում են Թուրքիայում, Հորդանանում և Լիբանանում տեղակայված փախստականների ճամբարներում։
Կուսակցությունների առաջնորդները նաև պայմանավորվել են արգելել ներգաղթյալներին դուրս գալ միգրացիոն գերատեսչության պատասխանատվության գոտու սահմաններից, որը մշակում է նրանց փաստաթղթերը։ Կանոնի խախտման դեպքում ապաստան որոնողները կզրկվեն սոցիալական օգնությունից, իսկ նրանց հայտերի ուսումնասիրությունը կդադարեցվի։
Բացի այդ, փախստականները, ովքեր Գերմանիայում կանցկացնեն պրոֆտեխնիկական ուսուցում, երկու տարով աշխատանքի իրավունք կստանան։ Այդ դեպքում նրանք պետք է իրենց վրա վերցնեն ինտեգրացիոն դասընթացների ծախսերի մի մասը և վճարեն ամսական 10 եվրո։
Ամանորի գիշերը Գերմանիայի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել կանանց վրա հարձակման դեպքեր։ Ոստիկանությունը պարզել է, որ կասկածյալների մեծ մասը փախստականներ են եղել։ Դրանից հետո կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է վերանայել փախստականների արտաքսման կանոնները։








































