Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ ընտրություններից հետո գնաճ է սպասվում. «Փորձը ցույց է տալիս, որ ընտրությունների և գների բարձրացման միջև առկա է ուղիղ կապ: Մենք շուտով ականատես կլինենք այդ երևույթին»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ իրենք երկու անգամ դիմել են ՀՀ նախագահին, երկրորդ անգամ նամակը վերահասցեագրվել է Սննդի պետական ծառայությանը. «Մենք առաջարկում ենք անցկացնել ստուգայց՝ հացի և շաքարավազի քաշի և որակական հատկանիշները որոշելու համար: Շաքարավազում շաքարայնության տոկոսը պետք է լինի 91 տոկոս, սակայն 41 տոկոս է: Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հացի մեջ մինչև 30 տոկոս կեղծում կա. 30 տոկոս օդ ենք գնում»:
Նա նշեց, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում կատարվել է 7-10 տոկոսի թանկացում, սակայն թանկացումներն ավելի շատ արվում են տարիների ընթացքում, այդ պատճառով ավելի դժվար է պայքարել դրանց դեմ:
Արմեն Պողոսյանը անդրադարձավ նաև գազի գնին՝ ասելով, որ սովորաբար գազի գինը ապրիլին արդեն թանկացնում էին, սակայն այս տարի այդպես չեղավ, չնայած նրան, որ միջպետական պայմանագրերում արդեն գազը թանկացած է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































