Տոներն ու տոնական տրամադրությունը անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու և ժողովրդի, բայց գերիշխողն, իհարկե, առօրյան է, թեկուզ այն պարզ պատճառով, որ տոները ծնվում են առօրյա աշխատանքի կամ սխրանքների արդյունքում: Եվ ուրեմն` տոնական մայիսի 9-ից հետո թեև այս տարի գալիս է ոչ աշխատանքային մայիսի 10-ը, այնուհանդերձ խոշոր իմաստով խոսքը տոնին հաջորդող առօրյայի մասին է:
Այդ առօրյան Հայաստանում ներկայումս շատ բարդ է, բարդ է և ներքին, և տարածաշրջանային իմաստով լի մարտահրավերներով: Ինչպիսի՞ն է մեր առօրյան` այն թույլ տալի՞ս է մեզ լավատես լինել ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու առումով, թե՞ այդ առօրյան մտահոգիչ է, իսկ տոներն էլ ընդամենը հանդիսանում են այդ մտահոգիչ առօրյայից հասարակությանը պարբերաբար շեղելու մի միջոց: Դժբախտաբար, այս տեսանկյունից առօրյան Հայաստանում այսօր իսկապես մտահոգիչ է:
Եթե պատերազմական տարիների առօրյան` իր բոլոր նյութական զրկանքներով հանդերձ, տվեց տոների առիթ, տվեց օրացույցում տոնական ամրագրումների և հպարտության հնարավորություն, ապա հետպատերազմյան առօրյան այնպիսին է, որ ավելի մեծ է տոներից զրկվելու, քան նոր տոներ ունենալու հավանականությունը: Սա ամենևին հոռետեսություն չէ, իսկ ովքեր այդպես են մտածում, կարող են այցելել Հայաստանի սահմաններ, տեսնել հեռավոր բնակավայրերի մեծացող ամայությունն ու ավելացող հուսալքությունը: Իհարկե, կարելի է գտնել մեկ, երկու, տասը մարդ կամ ընտանիք, որոնք կհավաստեն, որ կյանքի գնով անգամ չեն հեռանա հայրենի հողից, սակայն այս ամենը ավելի շատ էմոցիոնալ է, մինչդեռ երկիրը պահելու համար պրագմատիզմ է պետք, պետք է ռացիոնալ դատողություն, պետք է սթափ հաշվարկ և իրավիճակին բացեիբաց նայելու համարձակություն:
Այսօրվա առօրյան բնորոշվում է տոտալ, ինստիտուցիոնալացված թալանով, որի մեջ ներգրավված են անգամ պետական կառույցները, պետական կառավարման մարմինները: Եվ վերջապես` այսօրվա առօրյայի ամենաբնորոշ և ամենախորհրդանշական ձևակերպումներից մեկը, որ մի քանի օր առաջ արել էր իշխող կուսակցության նահապետներից մեկը՝ Գալուստ Սահակյանը. նա հայտարարել է, որ ՀՀԿ-ն իշխելու է, քանի դեռ պատերազմ է: Եվ ՀՀԿ-ն իր իշխանության համար պատերազմում է, պատերազմում է սեփական ժողովրդի դեմ, պատերազմում է ամեն գնով, ժողովրդի ունեցվածքն էլ դիտարկում որպես պատերազմական ավար և յուրացնում: Պատերազմը դարձել է ՀՀԿ-ի հարատևության բանաձևը, բայց պատերազմը ոչ թե երկրի, պետության, հասարակության մարտահրավերների, այլ հենց հասարակության դեմ է, հենց պետության դեմ: Իսկ դա մի պատերազմ է, որը հաղթող չի ունենալու, կամ որի հաղթողը Հայաստանում չի լինելու: Հաղթողը կամ լքելու է Հայաստանը՝ օդանավերով և արտերկրի բանկային գրքույկներով, կամ էլ գալու է Հայաստան՝ սահմանի որևէ մի կողմից:
Սա կարող է շատերին գույների խտացում թվալ, անհարկի խտացում հաղթական տոներից հետո: Սակայն ավելի լավ է այսօր խտացնել գույները, որպեսզի վաղը էլ ավելի չխտանան հայրենիքը օդով կամ ցամաքով լքել պատրաստվողների շարքերը: Տոնեցինք, հպարտանում ենք միշտ՝ Արցախով ու մեր հաղթանակով, սակայն մեր առօրյան խայտառակություն է, ու մեր հաղթանակներն են ափսոս, որ պատերազմը դարձել է սեփական երկրի վրա իշխելու բանաձև:










































