France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ով պաշտոնական այցով գտնվում է Ֆրանսիայում, Փարիզին կոչ է արել երկու երկրների հարաբերություններում շրջել էջը:
«Մենք պատրաստ ենք շրջել էջը, որպեսզի նոր հարաբերություններ կառուցենք մեր երկրների միջև»,- գործակալությունը մեջբերում է Իրանի նախագահի խոսքը։
Ռուհանին այսօր առավոտյան Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի հետ մասնակցել է ֆրանսիացի գործարարների հետ հանդիպմանը։
Իրանի նախագահի ֆրանսիական այցն ի սկզբանե ծրագրված էր 2015 թվականի նոյեմբերի 16-18-ին, սակայն այն ժամանակ այցը հետաձգվել էր նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչությունների պատճառով, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ։







































