Նոր կառավարության կազմը թեև, մեծ հաշվով, չի փոխվել, բայց փոխվել են տնտեսական բլոկի նախարարները: Հայաստանի նման աղքատիկ տնտեսություն ունեցող երկրի համար միգուցե դա որոշ ակնկալիքներ առաջացնելու նպատակ ունի: Չէ՞ որ այսօր մեր երկրի ամենամեծ խնդիրը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն է: Կամ միգուցե դա պարզապես կադրային փոփոխություն էր, որից մեծ ակնկալիքներ պետք չէ սպասել:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ վարչապետի պաշտոնին վերանշանակված Տիգրան Սարգսյանը ցանկանում է տնտեսական բլոկը նորից պահել իր վերահսկողության տակ: Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանին նա իր հետ Կենտրոնական բանկից է բերել: Իսկ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ անկախ այն հանգամանքից, թե իրեն ինչպես կդրսևորի այդ պաշտոնում կամ ոլորտում, նրան ավելի շուտ կարելի է համարել տնտեսագիտության ազատական արժեքներին դավանող մարդ և ոչ թե օլիգարխիկ տնտեսության ջատագով: Այս առումով միգուցե կարելի է որոշ ակնկալիքներ ունենալ:
Բայց թե այդ նշանակումից, թե կադրային մյուս փոփոխություններից կարելի՞ է արդյոք ակնկալիքներ ունենալ, Տիգրան Դավթյանին ազատելով ու փոխարենը Վ. Ավանեսյանին նշանակելով՝ Հայաստանում հնարավոր կլինի՞ տնտեսություն զարգացնել: Ի՞նչ է` ՀՀ տնտեսությունը մինչև հիմա չէր զարգանում, քանի որ նախարարնե՞րը լավը չեն: Իհարկե, ոչ: Միգուցե և նախարարները լավը չեն, բայց մեր երկրում այս փուլում դա չէ կարևորը: Ի վերջո, ի տարբերություն 6-7 տարի առաջվա կառավարության, այս կառավարության կազմում օլիգարխներն ու խոշոր գործարաները փոքրամասնություն են կազմում: Նրանցից ոչ բոլորը իրենց ղեկավարման ոլորտում բիզնեսներ ունեն, որ իրենց պաշտոնեական դիրքը առաջին հերթին ծառայեցնեն սեփական գործին: Միանշանակ է, որ թե այս, թե նախորդ կառավարության կազմով էլ հնարավոր էր առաջընթաց գրանցել, եթե, իհարկե, դրա համար կադրային փոփոխություններից զատ` այլ քայլեր արվեին ու այլ պահանջներ դրվեին:
Պետեկամուտների կոմիտեի նույն նախագահ Գագիկ Խաչատրյանը կարող է հարկահավաքման դաշտը ստվերից հանել, եթե նրա առաջ հեռուստատեսային խցիկներից այն կողմում էլ նման խնդիր դրվի: Նա երբեք չի համարձակվի մաքսային և հարկային ծառայությունով խեղդել քաղաքական տանիք չունեցող մանր ու միջին բիզնեսին, եթե նրա առաջ նման իրական պահանջ դրվի: Վստահաբար կարելի է ասել, որ նա մի տարում ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը 17 տոկոսից կարող է 20 տոկոսի հասցնել, եթե դա նրանից ոչ թե պահանջեն, այլև թեկուզ թույլ տան իրականացնել: Եվ վերջապես` նա ազատ տնտեսական հարաբերություններ ունեցող երկրում անթիվ-անհամար բիզնեսներ չէր ունենա ու իր պաշտոնն էլ չէր ծառայեցնի սեփական գործը առաջ տանելուն:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր գործից բավականություն կստանար, եթե նրան թե իրավական, թե փաստացի հնարավորություն տրվեր ՀՀ տնտեսության մեջ մրցակցային դաշտ ստեղծել: Որ կարողանար շաքարավազի, դեղորայքի ու լայն սպառման այլ ապրանքների ներկրման ու իրացման շուկաներում մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանին ստիպել ոչ միայն հարկային դաշտ գալ, այլև արդար մրցակցային դաշտում աշխատել: Որ իր ներկրած շաքարավազն այն նույն գնով չվաճառի իր բազմաթիվ «սիթիներում», ինչ գնով վաճառում է այլ տնտեսվարողներին: Որ իր մրցակիցներին ոչնչացնելու համար իրացման շուկայում դեմպինգ չկիրառի: Նման պարագայում Ա. Շաբոյանը նրան մի քանի տասնյակ մլն դրամ տուգանելուց զատ` այլ բան չի կարող անել, իսկ այդ գումարը Ս. Ալեքսանյանի համար կարող է ընդամենը գրպանի ծախս համարվել:
Ուրեմն` նույն Վ. Ավանեսյանը, Ա. Շաբոյանը, Գ. Խաչատրյանը և ի վերջո` Տ. Սարգսյանը կամ մյուսները ինչպե՞ս կարող են տնտեսություն զարգացնել, եթե իրականում դա նրանցից չի էլ պահանջվում. այլ հարց է, որ հրապարակային հայտարարություններում նման պահանջ դրվում է: Հետևաբար` Հայաստանի աղքատիկ տնտեսության զարգացման համար ի՞նչ կարող են անել նման կադրային փոփոխությունները: Այն տնտեսական իրավիճակը, որի մեջ մեր երկիրն է հայտնվել, արդյո՞ք խնդիրը կադրերն են կամ կադրային փոփոխությունը կարո՞ղ է զարգացում ապահովել: Թե՞ այնուամենայնիվ այդ կադրերի առաջ նման իրական պահանջ ներկայացնող քաղաքական կամքն է բացակայում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































