Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի և Թուրքիայի մաքսային ծառայությունների միջև միջազգային ճանապարհային բեռնափոխադրումների (TIR) վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացը մեկնարկելու է ընթացիկ տարվա մարտից։ Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։
Վրաստանն ու Թուրքիան սկսում են իրագործել eTIR նախագիծը, որն առնչվում է էլեկտրոնային ռեժիմով TIR-ի մասին տեղեկատվության փոխանակմանը։
Համապատասխան փաստաթուղթն Անկարայում ստորագրել են Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին և Թուրքիայի առևտրի ու մաքսային հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենգջին։
Եռամյա նախագիծը կհեշտացնի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակումն ու բեռների համար մաքսային ընթացակարգերը։ Թուրքիան Վրաստանի հիմնական առևտրային գործընկերն է։ 2015 թվականին երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ 1.52 միլիարդ դոլար, որը հավասար է Վրաստանի արտաքին ամբողջ առևտրի 15.3 տոկոսին։







































