Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին կարողացել է 12,5 միլիոն դոլար վաստակել՝ շնորհիվ Twitter-ում միայն մեկ թվիթի: Այս մասին հայտնում է novoston.com-ը:
Օրերս Օփրան Twitter-ի իր էջում հոդված է տեղադրել նիհարելու մասին: Նա հայտնել է, որ իրեն հաջողվել է ազատվել 12 կիլոգրամից՝ առանց հացից հրաժարվելու: Նա նաև պատմել է, որ նիհարելու ընթացքում հետևել է առողջ սննդակարգին՝ մշակված Weight Watchers ընկերության կողմից: 66 նիշերով թվիթը պարունակում է #ComeJoinMe հեշթեգը և հղում ընկերության կայքին:
Հրապարակումից անմիջապես հետո ընկերության արժեթղթերի գինը աճել է 20 տոկոսով՝ մեկ արժեթղթի դիմաց 11,35-ից դառնալով 13,29 դոլար: Ամենահետաքրքիրն այն է, որ անցյալ տարվա աշնանից Ուինֆրին Weight Watchers ընկերության 6,4 միլիոն արժեթղթերի սեփականատերն է, հետևաբար մեկ թվիթի շնորհիվ հեռուստաաստղը հարստացել է 12,5 միլիոն դոլարով:









































