Իրանի նախագահ Հասան Ռուհանին երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Փարիզ, որտեղ նրան դիմավորել է Ֆրանսիայի սենատի ղեկավար ժերար Լարշեն։
Հանդիպման ընթացքում Ռուհանին և Լարշեն պաշտպանել են կողմերի միջև երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացման գաղափարը և քննարկել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունները՝ փոխանցում է IRNA գործակալությունը։
Ռուհանին Իրանի և համաշխարհային տերությունների միջև ձեռք բերված միջուկային համաձայնագիրն անվանել է նշանակալից և կարևոր իրադարձություն աշխարհի քաղաքական պատմության մեջ՝ հավելելով, որ այն ևս մեկ անգամ հաստատում է դիվանագիտության և բանակցությունների կարևոր դերը։
Իրանի նախագահն անհանգստություն է հայտնել Փարիզի ահաբեկչությունների առնչությամբ՝ նշելով, որ ահաբեկչությունը վտանգավոր վիրուս է, որից կարող է տուժել ողջ աշխարհը։
Իր հերթին Լարշեն ողջունել է Ռուհանիի այցը Ֆրանսիա՝ նշելով, որ Փարիզը լավ հեռանկարներ է տեսնում Իրանի ու Ֆրանսիաի հարաբերությունների զարգացման համար։ Նրա խոսքով՝ Իրանի վրայից պատժամիջոցների հանումը ստեղծել է բոլոր պայմանները Թեհրանի և Փարիզի միջև երկկողմ կապերի ամրապնդման համար։










































