Ազգագրագետ Աղասի Թադևոսյանն, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին և պատասխանելով այն դիտարկմանը, թե նախագահական ընտրություններում կարծես ինչ-որ բան փոխվելու միտում կար, սակայն այս ընտրություններում նորից հետքայլ գրանցվեց, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Կարող եմ ենթադրել, թե ինչումն է հիասթափության պատճառը: Բացահայտ է, որ օրվա իշխանությունը, որը հենվում է թաղային կիսագողական, գլխավորապես՝ կրիմինալ հատկանիշներով բնութագրվող հատվածի վրա, գերակայորեն պաշտպանում է կրիմինալ հիերարխիկ կառույցի շահերը: Իսկ պետության, ազգային ու հասարակական այլ խավերի շահերը հայտնվում են իշխանության օրակարգում այնքանով, որքանով անհրաժեշտ է ոչ թե ազգային առաջընթացի, այլ՝ պետության գոյատևումը, որպես փոքրամասնություն կազմող կրիմինալ այդ հատվածի հարստացման ու վերարտադրության գործիք պահպանելուն: Դա, իհարկե, հուսադրող չէ»։
Ազգագրագետը նշեց նաև մեկ այլ հանգամանք. բնակչության մի զգալի հատվածը փոփոխությունները կապում է «բարի թագավորի» հետ: Իսկ քանի որ «բարի թագավորի» խորհրդանիշը երկրի նախագահն է, ապա այդ զանգվածն ակտիվանում է նախագահական ընտրությունների ժամանակ:
Երևանի ավագանու ընտրությունները, նրա խոսքերով, դժգոհ ընտրազանգվածի մոտ երկնքից մանանա ստանալու հուսադրումներ չեն առաջացնում, ինչը բերում է նաև ընտրական վարքագծի փոփոխության:
«Կարծում եմ՝ հասարակության լայն խավերում ադեկվատ անհանդուրժողականություն չի ձևավորված թաղային տականքի ու այդ տականքային հիերարխիայի գլուխը հանդիսացող և նրա իշխանությունը հայաստանյան ազգի հանդեպ ռեալիզացնող օրվա իշխանությունների նկատմամբ»,- ասաց նա:
Հիասթափության պատճառներից մեկն էլ, ըստ մեր զրուցակցի, այն է, որ ազնիվ, ազգային ու պետական նվիրվածություն ունեցող մարդիկ հասկացան, որ դրանց հանդեպ միայն ֆիզիկական ուժի գործադրմամբ կարող են հաղթանակի հասնել ու իրենք առայժմ չունեն այդ ուժի կոնսոլիդացման ռեսուրսներ:
«Իրականում հետքայլ չի եղել, պարզապես իրավիճակն է այլ ու հիասթափությունը մի փոքր ավելի խորը: Բայց դա ժամանակավոր է: Հայաստանն ապագաղջահարման կարիք ունի, և դա պետք է սկսել իշխանությունների ապագաղջահարումից: Իսկ թե ինչպես դա անել, այլ հարց է: Ես ունեմ մտքեր, բայց այստեղ այդ մասին չեմ ուզում խոսել»,- նշեց ազգագրագետը:








































