ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Գերմանիայի՝ Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Գերմանիան մտադրություն չունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում փոխարինել Ֆրանսիային։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված էին այն հայտարարություններով, թե շատ ավելի արդյունավետ կլինի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Ֆրանսիան փոխարինվի Գերմանիայով։
«Առաջին անգամ եմ լսում, որ Գերմանիան հետաքրքրված է մասնակցել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում ընթացող բանակցություններին` դառնալով համանախագահ երկիր: Ֆրանսիան համանախագահ է և կշարունակի լինել համանախագահող երկիր: Կասկածներ չկան այս մասին: Մեր գործառույթը ԵԱՀԿ-ում նախագահությունն է և մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի ջանքերին։
Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար լարված իրավիճակին, դեսպան Քիսլերն ընդգծեց, որ Գերմանիան իսկապես անհանգստացած է այդ իրավիճակի պարբերաբար սրմամբ։
Մենք անհանգստացած ենք շփման գծին և Հայաստան-Ադրբեջան սահմանին տիրող իրավիճակով, և մասնավորապես ծանր սպառազինության գործածմամբ, որը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի քանակի աճի: Մենք կարծում ենք, որ ապաէսկալացիան պետք է ուղիղ նպատակը լինի: Այս պատճառով էլ մենք լիովին աջակցում ենք համանախագահների նախաձեռնությանը ստեղծել մեխանիզմ, որը կուսումնասիրի հրադադարի խախտման դեպքերը»,- ասել է դեսպանը:
Դեսպանը հրաժարվեց մեկնաբանել ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը՝ այն որակելով խորհրդարանականների խնդիր:
Մինչդեռ, ասուլիսին ներկա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը հայտարարեց՝ ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերից մեկի չընդունումն արդեն իսկ հաղթանակ էր։
Շատ տհաճ և կոշտ բանաձևեր էին, երկուսն էլ` հակահայկական:
«Սարսանգի ջրամբարի բանաձևը չհաջողվեց հանել օրակարգից, բայց ես կարծում եմ, որ արդեն իսկ մեծ հաջողություն էր, որ մյուս բանաձևը դուրս բերվեց»,- ասել է Սորոկինը։









































