Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Իգիթ Ղարիբյանի գործի դատավարությունը:
Կոտայքի մարզի գյուղերից մեկի 15-ամյա բնակիչ, 9-րդ դասարանի աշակերտ Իգիթը մեղավոր է ճանաչվել իր տարիքին, «իգիթին» ու ընդհանրապես՝ մարդուն անվայել հանցավոր արարքի՝ մանկապղծության համար: Համագյուղացի 8-ամյա տղայի նկատմամբ նա կատարել է սեքսուալ բռնի գործողություն, հետո էլ կատարածը պարծանքով պատմել է խաղընկերոջը: Դեպքը տեղի է ունեցել… գյուղի եկեղեցու տարածքում, որը երեխաների համար ծառայել է նաև որպես խաղադաշտ:
Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել, որ 2012 թվականի հունիսի 8-ին, ժամը 18-ի սահմաններում 1997 թվականի հուլիսի 18-ին ծնված 15-ամյա Իգիթ Ղարիբյանը գնացել է վերոհիշյալ խաղատեղը, իրենց խոսքով՝ «ֆուտբոլի դաշտը»:
Տեսել է, որ համագյուղացի տղաներից մեկը՝ 2004 թվականի մարտի 4-ին ծնված 8-ամյա երեխան ծառի տակ նստած միրգ է ուտում:
Իգիթը երեխային առաջարկել է գնալ մոտակա քարերի մոտ ու այնտեղ նստել: Երեխան գնացել է:
Երկու օր առաջ Իգիթը վնասել էր երեխայի գնդակը ու խոստացել, որ գնդակի օդափուչիկ կտա: Ահա հիմա Իգիթն առաջարկել է գնալ մոտակա փոսի մոտ, որ խոստացած օդափուչիկը տա: Երեխան գնացել է:
Փոսն են մտել: Իգիթը երեխային ասել է՝ պպզի, որ օդափուչիկը տամ: Երեխան հավատացել ու պպզել է: Իգիթն արագ արձակել է իր տաբատը, իջեցրել, երեխային պառկեցրել փորի վրա, բռնել նրա ձեռքերը…
Նա, օգտվելով երեխայի անօգնական վիճակից, սկսել է բռնի սեքսուալ գործողություն կատարել: Երեխան փորձել է ազատվել նրանից, բայց ուժը չի պատել:
Այդ պահին երեխայի բախտից խաղադաշտում գնդակ խաղալու ձայն է լսվել: Իգիթը վախեցել է, թողել է երեխային, հագել տաբատը: Երեխան էլ հագել է իր տաբատը: Իգիթը պահանջել է, որ երեխան կատարվածի մասին ոչ ոքի չասի:
Դուրս գալով փոսից՝ տեսել են, որ դաշտում գնդակ է խաղում համագյուղացի երեխաներից՝ Սարգիսը: Իգիթն ու երեխան մոտեցել են նրան, ֆուտբոլ են խաղացել: Եկել է համագյուղացի մեկ ուրիշ երեխա՝ Նարեկը, առաջարկել է խանութ գնալ:
Իգիթը, Սարգիսն ու Նարեկը շարժվել են դեպի խանութ: Սարգիսը տուն է գնացել: Իգիթը մնացել է Նարեկի հետ ու պատմել, թե քիչ առաջ սեռական հարաբերություն է ունեցել իրենց հետևից լացակումած գնացող երեխայի հետ: Երեխան ձայն է տվել Իգիթին, բայց նա չի մոտեցել նրան:
Քիչ անց Նարեկը Իգիթի պատմածը հայտնել է Սարգիսին:
Իսկ բռնության ենթարկված երեխան տատիկի կանչով տուն է գնացել: Նրա դեմքը կարմրած, աչքերն արցունքոտ են եղել: Տատի հարցին ի պատասխան՝ երեխան արտասվել է ու պատմել կատարվածը:
Երեխայի մայրը գնացել է Իգիթենց տուն: Վերջինիս մայրը թույլ չի տվել արթնացնել Իգիթի քնած հորը:
Երեխայի մայրն իրենց տուն է տարել Իգիթին ու նրա եղբորը: Իգիթը ներողություն է խնդրել կատարածի համար:
Դատարանում Իգիթ Ղարիբյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե միջակ առաջադիմությամբ սովորել է գյուղի իններորդ դասարանում, ավարտական քննությունների մի մասն է հանձնել: Քրեական գործով իրեն տարել են ոստիկանություն, դրա համար էլ այլևս չի շարունակել ուսումը, չնայած ցանկանում է սովորել: Ենթարկվել է կույր աղիքի բարդ վիրահատության, առողջական վիճակը լավ չէ, ցավեր ունի:
Գյուղում հաճախ է ընկերների հետ խաղադաշտ գնացել ֆուտբոլ խաղալու: Տուժող երեխային չեն թողել իրենց հետ խաղալ, իմացել են, որ նա ուրիշ երեխաների հետ վատ բաներ է անում: Մյուս երեխաները այդ մասին դատարանում չեն ասել, ըստ Իգիթի, որովհետև վախեցել են: Բայց բոլոր երեխաները հայտնել են, թե նման բան ընդհանրապես չի եղել:
Իգիթը նշել է, որ դեպքից երկու օր առաջ ինքը վնասել է տուժողի գնդակը, խոստացել, որ գնդակի օդափուչիկ կտա: Դեպքի օրը ինքը դաշտում մյուս երեխաների հետ ֆուտբոլ է խաղացել: Երեխան իրենից պահանջել է օդափուչիկը, սկսել է լաց լինել: Իրենց այդ խոսակցությունը մյուս երեխաները չեն լսել, հեռու են եղել:
Խանութ գնալու ճանապարհին ինքը Նարեկին ասել է՝ իբր տուժողի հետ «նման բան» է արել: Իրականում չէր արել, ասել է պարծենալու, գլուխ գովելու համար, քանի որ տեսել է, թե «մյուս երեխաներն ինչպես են այդպիսի բաներ անում, մտածել է, թե դա լավ բան է՝ գլուխ գովելու: Ուրիշի որևէ մեկի մոտ գլուխը չի գովել»:
Ինքը տուժողի հետ փոսը չի մտել, նրան մեջքի վրա չի պառկեցրել, իրենց տաբատները չի իջեցրել… ու մնացած բաներն էլ չի արել: Երեխան իրեն զրպարտում է, որովհետև խոստացած օդափուչիկը նրան չի տվել:
Ինքը երեխայի տանը ծեծվել է նրա մոր կողմից ու ներողություն է խնդրել… օդափուչիկը չտալու համար:
Ոստիկանությունում չի հասկացել, թե ինչ է գրել, իրեն թելադրել են, ինքը չգիտի, թե ինչ է նշանակում «սեռական հարաբերություն» հասկացությունը, բայց գրել է՝ իբր երեխայի հետ «սեռական հարաբերություն է ունեցել»:
Տուժող ճանաչված երեխան պնդել է նախաքննական ցուցմունքները, նկարագրել, թե Իգիթը բռնությամբ ինչեր է արել: Երեխան համոզված էր, որ եթե Սարգիսը խաղադաշտ չգար, Իգիթը շուտ բաց չէր թողնի իրեն: Ինքը փորձել է դուրս պրծնել, բայց նա իր ձեռքերը բռնել էր, չէր թողել, որ շարժվի, ու իր փորը ցավում էր:
Երեխան դատարանում պնդել է, որ այն, ինչ արել է Իգիթը, նախկինում իր նկատմամբ ոչ ոք չի արել: Ինքը լաց է եղել, ամեն բան անմիջապես պատմել տատիկին:
Հասկանալի է, որ ոչ մի ծնող իր երեխային չէր ներքաշի այսպիսի պատմության մեջ, եթե նրա նկատմամբ իրականում հանցանք գործված չլիներ, երեխան բռնության ենթարկված չլիներ: Սա շատ ծանր փորձություն է երեխայի ու ամբողջ ընտանիքի համար:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ երեխայի որոշակի օրգանների վնասվածքներ չեն հայտնաբերվել: Մանկապիղծ պատանին չի հասցրել կամ չի կարողացել վերջնականորեն նրան վնասել, սակայն, դատարանի եզրակացությամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածով նախատեսված հանցագործությունն ավարտված է համարվում սեքսուալ բնույթի այս կամ այն գործողությունը սկսելու պահից: Մինչդեռ, դատարանի եզրահանգմամբ, Իգիթ Ղարիբյանը, չնայած մանկահասակ երեխայի դիմադրությանը, նրա նկատմամբ ոչ միայն սկսել է սեքսուալ բռնի գործողությունը, այլ ավելին է կատարել, ինչն ապացուցվել է դատարանում «պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»:
Դատարանը ապացույցների շարքից հանել, ապացույց չի ճանաչել 2012 թվականի հունիսի 8-ին ոստիկանության Հրազդանի բաժնում Իգիթ Ղարիբյանից բացատրություն վերցնելու վերաբերյալ արձանագրությունը:
Հետաքննիչը անչափահաս Ղարիբյանից բացատրություն է վերցրել մանկավարժի ներկայությամբ, բայց՝ նրա օրինական ներկայացուցիչների՝ ծնողների ու փաստաբանի բացակայությամբ: Ընդ որում՝ գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ Իգիթ Ղարիբյանի հայրն իր տղայից բացատրություն վերցնելու պահին գտնվել է ոստիկանության այդ նույն բաժնում, բայց «անհասկանալի պատճառներով չի մասնակցել անչափահաս որդուց բացատրություն վերցնելու գործընթացին»:
Դատարանը հաշվի է առել արարքի հանրորեն վտանգավորության բարձր աստիճանը, ինչպես նաև Իգիթ Ղարիբյանին տրված դրական բնութագիրը: Նրա դասղեկը նշել է, որ Իգիթը սոցիալապես անապահով ընտանիքի երեխա է, օգնել է ծնողներին, ինչի պատճառով հաճախ է բացակայել դասերից, տարվա ընթացքում ունեցել է 67 ժամ բացակայություն: Դատարանը հաշվի է առել նաև, որ նա վատառողջ է:
Միաժամանակ դատարանը հաշվի է առել, որ Իգիթ Ղարիբյանին մեղսագրված հանցանքը դասվում է առանձնապես ծանր հանցագործությունների շարքը, ու այդ արարքը նա կատարել է մինչև 16 տարին լրանալը: Օրենքով նրա նկատմամբ կարող է սահմանվել առավելագույնը՝ 7 տարի ազատազրկում: Այդ ժամկետին դատարանը հաշվակցել է նախնական կալանքի տակ Ղարիբյանի գտնվելու 19 օրը:
Այսպիսով, մանկահասակ երեխայի անօգնական վիճակից օգտվելով՝ նրա նկատմամբ սեքսուալ բռնի գործողություն կատարելու համար Իգիթ Ղարիբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել 6 տարի 11 ամիս 11 օր ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի Իգիթ Ղարիբյանին փաստացի արգելանքի տակ վերցնելու օրվանից: Իգիթ Ղարիբյանի օրինական ներկայացուցչից՝ հորից կբռնագանձվի 140 հազար դրամ՝ որպես դատական ծախս՝ կատարված փորձաքննությունների արժեք:
15-ամյա մանկապիղծի վերաբերյալ այս գործը լուրջ տագնապ է առաջացնում: Նման ծանր թեմային անդրադառնալու պատճառը ոչ միայն սոսկ իրազեկելն է, այլ նաև հասարակության, ծնողների, մանկավարժների, անչափահասների հետ աշխատանքի կոչված պատկան մարմինների ուշադրությունը խնդրի վրա սևեռելը, զգոնության կոչ անելը:
Երեխաները ճիշտ սեռական դաստիարակություն չեն ստանում, դեռահասները օրենքներից անտեղյակ են, իրենց կատարած արարքի հետևանքները չեն պատկերացնում:
Բարոյական տեսակետից անմեկանաբանելի է, որ մանկապղծությունը կատարվել է եկեղեցու տարածքում. ինչ ամայություն պիտի որ տիրի պատանու հոգում, որ նա այդ վայրում մանկահասակ երեխայի նկատմամբ կատարի առանձնապես ծանր հանցավոր արարք, հետո էլ գլուխ գովի ընկերոջ մոտ, «պարծենա» իր սեքսուալ «հնարավորություններով»:
Իգիթ Ղարիբյանի ցուցմունքում տագնապալի է նաև այն միտքը, թե տեսել է՝ ուրիշ երեխաներն էլ են նման բաներ անում: Իրեն փրկելու համա՞ր է դեռահասը նման հայտարարություն արել, թե՞ այդպիսի արարքի սիրահարներ էլի կան տվյալ վայրում:
Ո՞վ պիտի մանուկներին պաշտպանի մանկապիղծներից, թե՞ պետք է ծանր հանցանքը գործվի, մանկական ճակատագիր խաթարվի, նոր միայն նիրհող համայնքը սթափվի ու հետաքրքրվի, թե ինչով են ապրում դեռահասները, երիտասարդները, բացի սեքսուալ զվարճանքներից ու բռնություններից, այլ զբաղմունք, հետաքրքրություններ, հոգևոր պահանջներ ունե՞ն:








































