Իրաքը դեմ է Թուրքիայի տարածքը լքող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինված ջոկատների ժամանմանն իր տարածք: Այս մասին, երկրի ԱԳ նախարարությանը վկայակոչելով, տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Իրաքի կառավարությունը չի հանդուրժի իր տարածք զինված ջոկատների ժամանումը, որը կարող է օգտագործվել երկրի, հարևան պետությունների կայունության և անվտանգության դեմ»,- ասվում է Իրաքի ԱԳՆ կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Թուրքիայի տարածքից զինված ջոկատների դուրս բերումը փուլ առ փուլ կիրականացվի: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիայից ծրագրվում է մոտ երկու հազար քուրդ զինյալներ դուրս բերել, նրանց ջոկատները կուղևորվեն Հյուսիսային Իրաք:
Չի տեղեկացվում՝ Իրաքի իշխանությունները կարգելե՞ն այդ գործընթացը, թե՞ ոչ: Բաղդադը չի վերահսկում իր հյուսիսային սահմանը, այն գտնվում է իրաքյան քրդերի վերահսկողության տակ:










































