Հուդայի և Սամարիայի (Հորդանան գետի Արևմտյան ափ) իսրայելական ռազմական վարչակազմն այսօր հաստատել է Ռամալլայի մոտ գտնվող Բեյթ -Ալ բնակավայրում նոր շինարարության պլանը: Համաձայն այդ որոշման՝ կկառուցվի 296 միավոր կացարան: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «Կոլ Իսրայել» ռադիոկայանին:
Այդ պլանները դարձել են իշխանությունների և նույն բնակավայրի «Գիվաթ հա-Ուլպան» թաղամասի բնակիչների միջև փոխզիջման շարունակություն: Թաղամասը դեռևս անցած տարի ճանաչվել էր անօրինական, քանի որ այն կառուցվել է մասնավոր պաղեստինյան հողերի վրա: Թաղամասի մասնակի քանդումը սկսվել էր դեռևս 2012-ի ամռանը, իսկ թաղամասի բնակիչների համար կառուցվում են նոր տներ՝ Իսրայելի տեսանկյունից օրինական վայրերում:
Պաղեստինում այդ որոշումը դատապարտել են և անվանել պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացի վերակենդանացնման ԱՄՆ փորձերի սաբոտաժ:
Իր հերթին Իսրայելի արդարադատության նախարար Ցիպի Լիվնին ասել է, որ շինարարության մասին որոշումը պարտադիր չէ, որ դառնա դրամայի կամ ցասման նախերգանք: Նա հայտնել է, որ արդեն ծանուցել է ամերիկացիներին իրադարձությունների զարգացման մասին: «Նրանք լսել են, հասկացել, և նրանց կողմից միանգամից արձագանք չի եղել»,- ասել է նախարարը:
Լիվնին, որը կառավարությունում պատասխանատու է պաղեստինյան հարցով բանակցությունների համար, չորեքշաբթի Հռոմում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Ինչպես սպասվում է՝ մայիսի 21-22-ը նա կրկին կայցելի տարածաշրջան՝ Իսրայելի և Պաղեստինի ղեկավարությունների հետ բանակցություններ վարելու համար:











































