Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այսօրվա այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստ է չեղյալ հայտարարել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, սակայն տարօրինակ է տվյալ հարցը քննարկել դիվանագիտական հարաբերությունների բացակայության դեպքում։
Դրանով իսկ Լավրովը տվյալ երկու հարցերը (վիզային ռեժիմի վերացում և դիվանագիտական հարաբերությունների վերականգնում) շաղկապել է միմյանց։ Ի պատասխան՝ Կվիրիկաշվիլին հայտարարել է. «(Ռուսաստանի հետ) դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար կան կարևոր նախապայմաններ։ Խոսքը Վրաստանի տարածքային ամբողջականության և այն բոլոր ինքնիշխան որոշումների նկատմամբ հարգանքի ցուցաբերման մասին է, որոնք Վրաստանի իշխանություններն ընդունում են վրաց ժողովրդի հետ միասին»։
Կվիրիկաշվիլին դրա հետ մեկտեղ ընդգծել է երկու երկրների միջև երկխոսության կարևորությունը. «Երկխոսությունը շատ կարևոր է, և այդ հարցը անպայման կքննարկվի»։








































