ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ավարտվեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող երկու հակահայկական որակված զեկույցների քննարկումներն ու քվեարկությունը: Արդյունքը ըստ էության կարելի է համարել ոչ-ոքի՝ 1:1: ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, սակայն ընդունեց սերբ պատգամավոր Մարկովիչի զեկույցը Սարսանգի ջրամբարի վերաբերյալ: Այսպիսով Հայաստանին հաջողվեց գոնե կիսով չափ չեզոքացնել հակահայկական բանաձևերը:
Մյուս կողմից, սակայն, դժվար է ասել, սա հայկական պատվիրակությա՞ն աշխատանքի արդյունքն էր, թե՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, որոնք հանդես էին եկել հայտարարությամբ և ԵԽԽՎ-ին կոչ էին արել չքվեարկել այնպիսի բանաձևերի օգտին, որոնք կարող են խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:
Այս տեսանկյունից հետաքրքրական է, որ ԵԽԽՎ-ն մերժեց հենց Ուոլթերի զեկույցը, որը, այսպես ասած, ամենաշատն էր այդ տեսանկյունից ընկնում Մինսկի խմբի համանախագահների սահմանած չափանիշի տակ և առնչվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական կողմին: Ասել կուզի՝ այստեղ միգուցե ազդեցություն է ունեցել ոչ այնքան հայկական պատվիրակությունը, որքան Մինսկի խմբի համանախագահների կոչը:
Այս իմաստով հակահայկական բանաձևերի քննարկումից և ոչ-ոքի արդյունքի արձանագրումից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար շարունակում է բաց մնալ ԵԽԽՎ-ում հայկական դիվանագիտության խնդիրը: Եթե հայկական կողմի համար պետք է Մինսկի խմբի համանախագահները աշխատեն, ապա այդ դեպքում միգուցե կարիք չկա, որպեսզի հայկական պատվիրակությունները ռեսուրսներ ծախսեն ու հասնեն Ստրասբուրգ:
Մյուս կողմից՝ այն, ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ-ում, ըստ էության, կարծես թե նշանագրում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի նոր հանգրվան՝ այն իմաստով, որ Մինսկի խումբը փաստորեն միջամտում է միջազգային կառույցների գործունեությանը, որը առնչվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այսինքն՝ ըստ էության ստեղծվում է նախադեպ, երբ Մինսկի խմբի համանախագահները միջազգային կառույցներում քաղաքական միջամտություն են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող զարգացումների մասով:
Սա ըստ էության Մինսկի խմբի դերակատարման արձանագրում է, որը վկայում է լիովին նոր իրողությունների մասին: Առաջին հայացքից այս արձանագրումը նպաստավոր է Հայաստանի համար, քանի որ փաստորեն Մինսկի խումբը ստեղծում է ադրբեջանական լոբբիին հակազդելու նախադեպ: Մյուս կողմից՝ հարկ է հասկանալ, թե ինչ դերակատարում է վերապահվում Հայաստանին այս դեպքում, և Հայաստանին, այսպես ասած, բարեգործությո՞ւն է արվում, թե՞ ինչ-որ գին է պահանջվելու Երևանից նման աջակցության համար:










































