Այսօր առավոտյան մահացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կրտսեր եղբայրը՝ Անդրանիկ Ղուկասյանը: Վերջինս մահացել է սրտամկանի ինֆարկտից:
Ի դեպ, ըստ շրջանառվող լուրերի Անդրանիկ Ղուկասյանը երկար տարիներ Ֆրանսիայում բուժվել է թմրանյութերի կախվածությունից:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի այն եղբայրն է, որի որդին՝ 23-ամյա Վահե Ղուկասյանը, ձերբակալվել էր ապրիլի 23-ին Գյումրիում Արտյոմ Կարապետյանի (Շեկո) սպանության կասկածանքով: Իրավապահները պարզել էին, որ Վահե Ղուկասյանն է ապրիլի 23-ին կրակել Հարություն Խաչատրյանի և Արտյոմ Կարապետյանի վրա: Ստացած մարմնական վնասվածքներից Ա.Կարապետյանը հիվանդանոցում մահացել էր: Նշենք նաև, որ ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։








































